«Ոչ մի կերպ չենք կարողանում դեմն առնել». Ոչ մի կերպ չենք կարողանում դեմն առնել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ մանրամասնելով այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ արած իր հայտարարությունը։ Խոսքը վերաբերում է Ղափանցյան 16/66 հասցեում իրականացված անօրինականությանը։

Ազատյանի կարծիքով՝ կարիք կա, որպեսզի ինքն առավել մանրամասն անդրադառնա այդ խնդրին։

«Ֆեյսբուք»-ի իր էջում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը գրել է․

«Խնդիրը մեր ամենօրյա հսկողության ներքո է ամիսներ շարունակ:

Ղափանցյան փողոցի Հրազդան ձորին հարող մասում քաղաքացու կողմից կառուցված ինքնակամ շինությունն ապամոնտաժվել էր, և հողը վերադարձվել Երևան համայնքին դեռևս 3 ամիս առաջ:

Օգտվելով տոնական օրերից՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածը, նույն քաղաքացին ոչ միայն կատարել է անօրինական շինարարական աշխատանքներ, այլ նաև լրացուցիչ հարթակ ստանալու համար հող և շինաղբ է լցրել շինության հարակից տարածքում, ինչի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, և վնասվել է Հրազդան ձորով անցնող Արզնի-Երևան ջրագիծը:

Ս.թ. հունվարի 4-ի առավոտյան ստանալով վերոնշյալի վերաբերյալ ահազանգը՝ վարչական շրջանի աշխատակազմը տեղում անհապաղ ապամոնտաժել է ապօրինի շինությունը, սահմանազատել Հրազդան ձորի այն վտանգավոր հատվածը, որտեղից տեղի է ունեցել քարաթափում և ոստիկանության հետ համատեղ իրականացրել բոլոր հնարավոր այն գործողությունները, ինչը նախատեսված է գործող օրենսդրությամբ:

Ավելին՝ տեղեկացնեմ, որ իրավախախտում կատարած քաղաքացին տեղափոխվել է Արաբկիրի ոստիկանության բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տեղեկացնեմ նաև, որ տեղում հայտնաբերվել են նաև 6 բեռնատար մեքենաներ, որոնք արդեն մուտք էին գործել Ղափանցյան փողոց և նպատակ ունեին բարձված շինաղբը դարձյալ դատարկել նշված վայրում, ինչը կանխվել է, և վարորդների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Այս խնդիրը շարունակում է մնալ մեր ամենօրյա վերահսկողության ներքո: Բացառելու ենք նմանօրինակ բոլոր դեպքերը»։

Հիշեցնեք՝ այսօր Երևանի քաղաքապետարանի գորածակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ Կորեայի ձորում կրկին շինաղբ են թափել։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն էլ տեղեկացրել էր, որ շինաղբի հեղինակը մի քաղաքացի է, որն արդեն տևական ժամանակ է՝ ապօրինի շինարարությամբ է զբաղվում ու արդեն երրորդ անգամ իրեն նման բան է թույլ տալիս: Չնայած նրան, որ իրողությունը մի քանի անգամ կանխվել է և տուգանվել, մեկ է, քաղաքացին շարունակում է իր սխալ վարքագիծը:

«Առաջարկում եմ տարածքում տեսախցիկներ տեղադրել: Այսպես այլևս հնարավոր չէ»,- ասել էր քաղաքապետը:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն էլ, արձագանքելով քաղաքապետին, նկատել էր․ «Սա ուրիշ հարց է: Նա համայնքի հողի վրա տուն է պատրաստում, որն էլ 2 անգամ քանդել ենք: Վերջին դեպքն էլ օրերս տեղի ունեցավ։ Ոչ մի կերպ չենք կարողանում դեմն առնել: Քանդում ենք, սարքում է: Ոստիկանության հետ ևս համագործակցում ենք: Ամեն բան մեր վերահսկողության տակ է»,- ասել էր Ազատյանը:

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ