Մի անգամ արժանապատիվ եղեք և Ռուսաստանից պահանջեք, որ կատարի իր պարտականությունները. քաղաքագետը՝ Արցախի իշխանությանը

Այսօր մինչև Կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Այս առնչությամբ, Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը, քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանն ասաց. «Հայաստանն այդ ուղղությամբ անընդհատ պետք է աշխատի, ՄԱԿ էլ պետք է դիմի, ինչքան միջազգային հնարավոր հարթակներ կան, Հայաստանը պետք է դիմի և պիտի աղմուկ բարձրացնի։ Հետևապես ճիշտ կլինի փաստահավաք առաքելության գործուղումը, արդյունքը հետո կերևա։ Այս պահին շատ արդյունք պետք չի ակնկալել»։

Խոսելով այն մասին, թե այս իրավիճակում ինչ պետք է անի Արցախի իշխանությունը, քաղաքագետն ասաց, որ արցախահայությունը Արցախի իշխանության ականջներից պետք է բռնի և պարտադրի, որ իրենք կյանքի մեջ գոնե մի անգամ իրենց աթոռները թողնեն և ռուս խաղաղապահներից պահանջեն, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության. Լաչինի միջանցքը դրա իրավապայմանագրային հիմքն է։

«Արցախի իշխանությունները Հայաստանից ինչ ասես՝ պահանջում են, Մոզամբիկից ինչ ասես՝ պահանջում են, բայց այն պետությանը, որն այդ պայմանագրի երաշխավորն ու տերն է, պարզվում է, ոչ մի դիմում չկա Արցախից։ Իրենք պետք է պահանջեն, կապ չունի՝ Ռուսաստանը կանի, թե չի անի, բայց դա կգնահատվի միջազգային հանրության կողմից, որ այս պետությունը, այս ժողովուրդն ապրելու ցանկություն ունի, բայց իրենց կողմից ծպտուն չկա՝ ուղղված Ռուսաստանին»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով նաև այն մասին, որ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե 2023 թվականին Հայաստանում նախատեսված է անցկացնել «Անխորտակելի եղբայրություն» խորագրով ՀԱՊԿ զորավարժություններ, քաղաքագետն ասաց, որ իրենց անխորտակելին մեզ համար խորտակման ինչ-որ նախագիծ է։

«Եթե ՀԱՊԿ-ի ոտքն այստեղ մտավ, Հայաստանն այստեղից կենդանի դուրս չի գալու։ Եթե այդ զորքն այստեղ մտավ, դուք կարող եք ասել՝ ով է դա կարողանալու այստեղից հանել։ Այդ կառույցը համաշխարհային հանրության մոտ ընկալվում է որպես ռեակցիա, հետադիմություն, ժողովուրդներ և պետություն հոշոտելու կառույց։ Հետևապես Հայաստանն ամեն բան պետք է անի, որպեսզի այդ կառույցի ոտքը ՀՀ տարածք չմտնի։ Թող պատճառ որոնի։ Ուրիշ բան էլ կա. ՀԱՊԿ-ը ինչքան ժամանակ է՝ հայտարարում է, որ Հայաստանի տարածքների տեղը չգիտի։ Էստեղ էլ ինչ մտել են, ասում են՝ դե, դելիմիտացված չի, հիմա դուք որտեղ եք գալու զորավարժություն անելու։ Կարող է պարզվի՝ դա էլ դելիմիտացված չի։ Ինքը որ պետության, որ չդելիմիտացված տարածքում է գալիս զորավարժություններ անելու։ Հայաստանն ունի բարոյական, իրավական, քաղաքական, ռազմական բոլոր հիքմերը մերժելու ՀԱՊԿ-ի այդ առաջարկը և պարտավոր է դա անել»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Քաղաքագետը նաև նշեց, որ եթե Հայաստանը մերժի ՀԱՊԿ-ին, խնդիրներ, միևնույն է, լինելու են, և մեր ժողովուրդը քանի որ օբյեկտիվորեն ուզում է հարցի արագ լուծում, պետք է իմանա, որ արագ լուծում չկա, սա երկար շնչառության գործընթաց է։

Քաղաքագետի խոսքով՝ մի օր Լաչինի միջանցքը բացվելու է, իհարկե մենք ուզում ենք, որ դա արագ լինի, բայց մեզնից շատ քիչ բան է կախված, միակ արագ բացելու ճանապարհն այն է, որ Հայաստանն ուժով բացի։

«Հայաստանը դա կարո՞ղ է անել, թե՞ չէ։ Եթե Հայաստանը ռազմական ինտերվենցիա արեց, այդտեղից կենդանի դուրս չի գալու։

Հետևապես սա թողնենք մի կողմ, արագ լուծում չի լինելու։ Հայաստանը պետք է միջազգային հարթակներում դիվանագիտական ճնշումն ուժեղացնի, Արցախի իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն և առ հյուսիսներ երդումներ չտան։ Մի անգամ ես իրենց արժանապատվության կոչ եմ անում. մի անգամ արժանապատիվ եղեք և Ռուսաստանից պահանջեք, որ կատարի իր պարտականությունները։ Սա երկար գործընթաց է։ Ես պահանջում եմ իշխանություններից, որ ՀԱՊԿ ներկայությունը մերժվի այստեղ, բայց դա ենթադրելու է հետևանք, հիմա էլ անցնելու են Հայաստանին, այլ խնդիրներ են առաջացնելու։ Սա երկար գործընթաց է, Ռուսաստանն ու Թուրքիան դեռևս տարածաշրջանը գրկած պահում են, և այստեղ Հայաստանի մանևրի հնարավորությունը շատ քիչ է։ Պետք է շարունակել դիվանագիտական ճնշումը: Ռուբեն Վարդանյանն էլ «Ավրորայի» հիմնադիրն է, ինքը թող «Ավրորան» ինչ-որ մի երկրում հավաքի և «Ավրորայի» ներկայացուցիչներով SOS-ով դիմեն աշխարհին, որ Արցախը սովամահ է լինում։ Նաև կարելի է բանաձև փոխել՝ անջատում հանուն փրկության, հիմա դրա իսկական ժամանակն է։ Բայց պետք է քիչ թեզիսներով աշխատել, ոչ թե անընդհատ լացել, ճիշտ ուղերձ պետք է հղել, որ այստեղ «գոլոդամոռ» է, որ այստեղ շրջափակում է. շրջափակումը միջազգային իրավունքում պատերազմի ձև է, այսինքն՝ այս ուղերձներով մենք գիշեր-ցերեկ պետք է տեղեկատվական տեռոր իրականացնենք»,- եզրափակեց Հայկ Սուքիասյանը։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ