Երևանը միջազգային հանրության առաջ դնում է պատասխանատվության հարցը

Հայաստանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է արել, որտեղ խոսել է այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցում: «Ակնհայտ է, որ Ադրբեջանը ընտրել է խաղաղ մարդկանց հացադուլի քաղաքականությունը։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի և ասի, թե ինչ հետևանքներ է սպասում Ադրբեջանին նման պահվածքի համար»: Հատուկ հանձնարարությունների դեսպանը շոշափում է կարևոր խնդիր: Դժվար է ասել, գրառումը ներառված է հատուկ հանձնարարությունների գործառութային շրջանակում, թե ոչ, բայց բավականին կարևոր հարցադրմամբ այդ գրառումը իր հերթին առաջ է բերում մեկ այլ հարցադրում, ոչ պակաս, իսկ գուցե ավելի կարևոր: Իսկ պաշտոնական Երևանը հստա՞կ է իրավիճակի իր գնահատման հարցում: Կամ, արդյո՞ք հստակ չէ միջազգային դիրքորոշումը, մասնավորապես առ այն, որ Ադրբեջանին չի սպասում որևէ հետևանք և խնդիրը պետք է լուծվի բանակցությամբ: Իհարկե, դատապարտել են այն, որ Ադրբեջանը փակել է միջանցքը: Բայց, եթե միջազգային հանրությունը ունենար Ադրբեջանի համար դրա գին սահմանելու մտադրություն կամ ցանկություն, ապա թերևս իրագործել էր դա վաղուց, կամ՝ դա անելու համար ամենևին չի սպասում Հայաստանից որևէ կոչի կամ հորդորի: Այլ հարց է իհարկե, որ Հայաստանը դրանով փորձում է ընդգծել, որ միջազգային հանրությունը բոլորովին մտադիր չէ անել ավելին՝ կոչերից բացի: Այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչ անելիք է տեսնում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, որ գործնականում պատասխանատվությունը տարածում է բոլորի հանդեպ՝ Ադրբեջան, Ռուսաստան, միջազգային հանրություն: Այդ դեպքում ինչո՞վ կարող է բացատրվել կամ հիմնավորվել միջազգային փաստահավաք առաքելության առաջարկ բարձրաձայնելը, այդ կերպ նաև ստանալով Ռուսաստանի կոշտ արձագանքը, որ հնչեց Լավրովի շուրթերով:

Ինչ խոսք, Երևանը ստիպված է մանևրել, ներկայումս չկա այլ տարբերակ, սակայն մի բան է մանևրը, մեկ այլ բան պարզապես «թափառող պատասխանատվության» քաղաքականություն վարելը: Որովհետև բաց է հարցը, թե արդյո՞ք Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իր պատասխանատվությունը ստեղծված իրադրության կամ այն հանգուցալուծելու հարցում տեսնու՞մ է, և պատրա՞ստ է խոսել այդ մասին շատ թե քիչ հասկանալի ու բաց, այն պարագայում, երբ միջազգային հարթակներում ավելի է ուժգնանում Կովկասում նոր պատերազմի վերաբերյալ կանխատեսումների ինտենսիվությունն ու հաճախակիությունը: Ընդ որում, հարցը գուցե և չունի հրապարակային պատասխանի անհրաժեշտություն, նաև նպատակահարմարություն, բայց վերջին հաշվով, երբ կա ակնհայտորեն «թափառող պատասխանատվության» իրողությունը, առաջանում են հարցեր սեփական պատասխանատվության զգացումի և գիտակցման մասին, առնվազն հանրության հետ առավել բաց խոսելու մասով, որպեսզի հետո չստեղծվի իրավիճակ, երբ դարձյալ հարկ կլինի ասելու, որ միակ սխալը գուցե այն էր, որ հանրության հետ բաց խոսակցություն վարվեց ոչ թե պատերազմից առաջ, այլ դրանից հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ