Արցախը բլոկադայի մեջ է, իսկ Սփյուռքի արձագանքը անատամ. պատճառները մի քանիսն են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Պրահայում բնակվող տնտեսագետ, քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը:

Պարոն Առաքելյան, ինչպես եք գնահատում իրավիճակը, երբ Լաչինի միջանցքը փակ է, բայց սփյուռքի տարբեր համայնքների արձագանքը շատ պասիվ է։

Իհարկե, շատ վատ եմ գնահատում, Սփյուռքի արձագանքը թեև գոյություն ունի, բայց շատ թույլ է և անատամ: Քանի որ անձամբ ես կարծում եմ՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքը պետք է լիներ այն, որ հայկական Սփյուռքը պետք է լայնածավալ ակցիաներ անցկացներ տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների մոտ: Բացի դրանից Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի առջև և Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի շենքի մոտ: Բայց ցավոք սրտի, մինչ օրս չհաշված մի քանի ինքնաբուխ ակցիաների, որոնք տեղի ունեցան ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, փաստորեն, Սփյուռքը դեռ ոչ մի կերպ չարձագանքեց այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր Լաչինի միջանցքում: Նման անգործությունը, բնականաբար, ունի իր պատճառները:

Որտեղ փնտրել պատճառները։

Պատճառները մի քանիսն են: Սկսենք նրանից, որ ինչպես հայտնի է, Սփյուռքի բավականին մեծ զանգվածը, որը հիմնականում գտնվում է ԱՄՆ-ում, կառավարվում է և կազմակերպվում է ՀՅԴ-ի կողմից, որը իր հերթին, ինչպես գիտենք, այսօր ընդդիմության մեջ է Հայաստանի ներկա իշխանությանը: Չնայած այն փաստը, որ այսօր Արցախում շրջափակման մեջ են գտնվում 120 հազար մեր հայրենակիցներ, ՀՅԴ-ն դե ֆակտո ոչ մի ցույց ու ակցիա չի կազմակերպում ելնելով այն բանից, որ չի ուզում ջուր լցնել ներկա իշխանության ջրաղացին: Երկրորդ հիմնախնդիրը, որը ես դիտարկում եմ՝ գտնվելով Սփյուռքում, այն է, որ Հայաստանի կառավարությունն ինքն իր ձեռքով մի քանի տարի առաջ դե ֆակտո խզեց կապը Սփյուռքի հետ՝ լուծարելով Սփյյուռքի նախարարությունը, որը քիչ, թե շատ, բայց ապահովում էր այն ինֆորմացիոն և գործնական կապը Սփյուռքի համայքների հետ տարբեր երկրներում: Այսօր, ցավոք սրտի, ես չեմ դիտարկում ՀՀ կառավարության կողմից ստեղծված որևէ կառույց, որը կկարողանա ապահովել յդ կապը Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ու համայնքի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ ոչ մեկին պետք չի բացատրել, թե ինչքան կարևոր է, որ Սփյուռքի կազմակերպած ակցիաները կրեն ոչ թե ինքնաբուխ բնույթ, այլ համակարգված և մի կենտրոնի կողմից կառավարվող լինեն: Համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկի այդ հարցի լուծման համար:

Ընդհանրապես, ինչպիսի՞ դերակատարություն պետք է ունենա սփյուռքը նման իրավիճակներում։ Հատկապես պասիվ են սփյուռքի կուսակցականները։

Դժվար է թերագնահատել այն ներուժը, որն այսօր ունի հայկական Սփյուռքը: Աշխարհում գրեթե գոյություն չունի պետություն, որտեղ ներկայացված չլինի մեր հայկական համայնքը այս կամ այն կերպով: Այս պարագայում, իմ կարծիքով, խնդիրն այն է, թե ինչպես ստեղծել այնպիսի կառույց, որը որ կկարողանա համաձայնեցնել և համակարգի այն աշխատանքը, որը արվում է այս կամ այն համայնքում: Կարծում եմ՝ այդ գործառույթն իր վրա պետք է վերցնի Հայաստանի կառավարությունը՝ ստեղծելով մի համակարգիչ կենտրոն Հայաստանում, որը ուղղակի կապ կհաստատի Սփյուռքում գտնվող համայնքների հետ և իրենց մեջ՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպելով սեմինարներ կամ հավաքներ, կամ ուրիշ հնարավոր շփման հարթակներ, որտեղ հայկական Սյուռքի ներկայացուցիչները կկարողանան իրար հետ կապ հաստատել և համաձայնեցնել այն աշխատանքը, որն այսօր արվում է և արվելու է ապագայում: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի կողմից դա պետք է լինի հենց համաձայնեցնող մի աշխատանք, ոչ թե կառավարող, քանի որ այսօր լավ ճանաչելով հայկական Սփյուռքը, Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներին ու համայնքներին, ես պարզ հասկանում եմ, որ եթե խոսքը լինի ուղղակի կառավարման մասին, ապա այդ աշխատանքը պարզապես ապարդյուն կլինի: Նման փորձ Սփյուռքն արդեն ունեցել է մեր նախորդ նախագահների իշխանության ժամանակ, երբ Հայաստանի պարզապես հրահանգներ էին հնչում այս կամ այն գործունեությանվերաբերյալ, ինչը բնականաբար, չաշխատեց: Ես ուզում եմ ընդգծել, որ խոսքս միմիայն հարթակի մասին է, որտեղ Սփյուռքը ժամանակ առ ժամանակ կկարողանա հանդիպել և կոնկրետ աշխատանք ծրագրերլ ապագայի համար:

Հնարավո՞ր է, օրինակ, Արցախի թեման այդքան չի մտահոգում Սփյուռքին, որքան ցեղասպանության թեման է։

Ես այդպես չէի ասի: Քանի որ Արցախի թեման ուղղակիորեն կապված է ցեղասպանության թեմայի հետ: Վերջիվերջո, Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից գրեթե նույն ցեղասպանությունն է մի քիչ այլ տեսքով: Պարզապես պետք է մի քիչ ավելի խորը հասկանալ այն դիտարնկյունը, որից այսօր Սփյուռքը, մասնավորապես, արևմտյան Սփյուռքը նայում է Արցախին, որի բնակչության առանձին ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ ռուսական դրոշներով և ռուս գեներալներին մատուցվող աղ ու հացով ի հայտ են գալիս՝ անտեսելով այն իրականությունը, որն այսօր տեղի է ունենում թե Հայաստանում, թե Արցախում: Ես չէի ուզենա մանրամասնել այս թեման, բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ այսօր ռուս զինվորն ընդամենը իր կառավարության կամքն է կատարում և բնավ չի ներկայանում որպես փրկարար ոչ Ուկրաինայում, ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում: Ինչքան շուտ մենք բոլորս կարողանանք դա գիտակցել, այնքան արագ մենք կկարողանանք դուրս գալ այս ստեղծված ճգնաժամից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ