Նատալիա Օրեյրոն համերգի ժամանակ հնչեցրեց Հայաստանի հիմն ու բարձրացրեց եռագույնը

Երգչուհին մեկ ու կես ժամ տեւող իր ծրագրի ընթացքում հանդիսատեսին տարավ տիեզերական ճանապարհորդության: Յուրաքանչյուր մոլորակ «կայանելուց» հետո նա փոխում էր զգեստն ու ներկայանում իրարից տարբեր` շքեղ, գունեղ, փայլուն եւ արտահայտիչ կերպարներով: Գեղեցիկ գանգուրները Նատալիան, սակայն, փոխարինել էր ձիգ հավաքված սանրվածքով, իսկ կիպ զգեստներն ընդգծում էին 41-ամյա աստղի սլացիկ կառուցվածքը:

Նատալիան ներկայացրեց իր երգացանկի ամենահայտի երգերը, որոնցից մի քանիսը «Վայրի հրեշտակը» սերիալից  էին` Vengo Del Mar, Me Muero De Amor, No Me Arrepiento de Este Amor, եւ, իհարկե, հանրահայտ Cambio Dolor-ը, որի ընթացքում երգչուհին բարձրացրեց հայկական դրոշն ու այդպիսով եզրափակեց համերգային ծրագիրը:

Ի դեպ, հայ երկրպագուների համար Օրեյրոն անակնկալ էր պատրաստել: Մինչ նա զգեստափոխվում էր հաջորդ ելույթի համար, բեմի մեծ էկրանին հայտնվեց հայկական դրոշը, իսկ նրա կիթառահարը նվագեց Հայաստանի հիմնը, որի ընթացքում հանդիսատեսը ոտքի ելավ ու ձայնակցեց նրան:

Նատալիան էլ իր հերթին շնորհավորեց հայ կանանց ու աղջիկներին` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ նրանց նվիրելով ստեղծագործություններից մեկը:

աղբյուրը՝  style.news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ