«Ոգեւորված եմ Ձեր կոչից». Կարին Մարմսոլերին՝ վարչապետի տիկնոջը

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: «Անկեղծ ասած, ոգեւորված եմ հակամարտության կարգավորման եւ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից եւ դա էր պատճառը, որ ցանկացա հանդիպել Ձեզ հետ եւ տեսակետեր փոխանակել»,- ասաց տիկին Մարմսոլերը:

Աննա Հակոբյանն էլ, անդրադառնալով իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին եւ ունեցած ելույթին, շեշտել է, որ իր ուղերձն առաջին հերթին կնոջ եւ մոր խոսք էր։

«Կանայք կարող են համախմբվել, միանալ եւ իրենց խոսքն ու ջանքերն ուղղել հանուն խաղաղության, հանուն նրա, որ սահմանին այլեւ կրակոցներ չլինեն ու կողմերը զոհեր չտան, մինչեւ երկու երկրների կառավարություններն ու առաջնորդները կգան հակամարտության կարգավորման հարցում լուծման»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը՝ այնքան ավելի լսելի կլինի խաղաղություն ցանկացող կանանց ձայնը:

Աղբյուրը՝  http://armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ