35-ամյա տղամարդը մտել է խանութ ու նռնակ պայթեցրել․ նրա մոտ «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք է եղել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.25-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի խանութում նռնակով քաղաքացի կա։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի բաժնի, տարածքային քննչական մարմնի ղեկավար կազմը, բաժնի օպերատիվ խումբը և Մասիսի հրշեջ-փրկարարական ծառայությունը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի հագուստի խանութ նռնակով մտած մտած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է։ 35-ամյա նորխարբերդցին նռնակով սպառնացել էր խանութի սեփակատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։ Պատանին դուրս էր եկել խանութից, ինչից հետո տղամարդը պայթեցրել էր նռնակը։

Վնասվել էին սրահի գույքը, պատուհանների ապակիները, իսկ գույքի մի մասը տղամարդը նետել էր փողոց։ Իրավապահների բանակցությունների արդյունքում 35-ամյա տղամարդը վնասազերծվեց։ Նա ձերբակալվեց և ներկայացվեց Մասիսի քննչական բաժին։

Տղամարդու մոտ հայտաբերվեցին «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ