«Ով փորձի Արցախի պատրվակով Հայաստանից ինչ-որ բան զիջել, նա հայի թշնամին է, մենք զիջելու տեղ չունենք». Տիգրան Պետրոսյան

Արցախի «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը անդրադարձել է երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ինչպես նաև իրենց հետագա գործողություններին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Պետրոսյանը արցախցիների հետ երթով գնացել էր դեպի Լաչինի միջանցքի՝ ռուս խաղաղապահների կողմից փակված հատված, որտեղ վերջիններս քաղաքացիներին վստահեցրել էին, որ դեկտեմբերի 26-ին, այսինքն՝ այսօր, վերջնական պարզ կդառնա միջանցքի բացվելու հարցը։

Անդրադառնալով երեկ կայացած հանրահավաքին՝ Պետրոսյանն ասաց, որ այն հասել է իր նպատակին, մասնավորապես՝ աշխարհին ցույց տալ, որ Ալիևի թեզերը սուտ են, թե Արցախում 120 հազար քաղաքացի չի ապրում։ Նաև նկատեց, որ հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել Ռուբեն Վարդանյանը, իսկ Արայիկ Հարությունյանը անգամ հարթակ չի բարձրացել, ինչը, ըստ Պետրոսյանի, շատ բանի մասին է խոսում։ Վարդանյանի ելույթը Պետրոսյանը շատ բարձր գնահատեց, բայց նկատեց. «Ելույթն ու իրականությունը իրար չեն համապատասխանում։ Չի կարող Ռուբեն Վարդանյանի ասածները իրականանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նա առաջին շարքում կանգնած էր։ Սա է ամբողջ խնդիրը։ Մենք պետք է հասկանանք և հասկացնենք Ռուբեն Վարդանյանին այս ամենը»։

Անդրադառնալով իրենց հետագա գործողություններին՝ Պետրոսյանն ասաց, որ կսպասեն մինչ այսօրվա՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի ընթացքում, ըստ խաղաղապահների փոխանցման, պետք է պարզվեր միջանցքի բացվելու հարցը։ «Ես, սակայն, այսօր նկատեցի, որ եռակողմ հանդիպում նախատեսված չէ, ինչը շատ մտահոգիչ է։ Նախորդ օրը ես խաղաղապահներին ասացի, որ կատարեն իրենց պարտականությունները, և խնդրում եմ փոխանցել իրենց ղեկավարությանը, որ ժողովրդի մեջ վստահությունը խաղաղապահների նկատմամբ օրեցօր նվազում է։ Մենք այսօր կսպասենք այդ գագաթնաժողովի արդյունքներին, և եթե ճանապարհը չբացվի, մենք հաջորդ օրը ժողովրդի հետ միասին կիջնենք օդանավակայան ու կպահանջենք Վոլկովի հետ հանդիպում։ Այդ օրը մենք չենք շրջափակի օդանավակայանը, որովհետև, քիչ թե շատ, իրենք իրենց պարտավորությունների մի մասը անում են, այսինքն՝ նաև հայերիս համար անհրաժեշտություն էլ կա, որ իրենց մեքենաները շարժվեն։ Բայց մենք էլ անհասկացող չենք, որ ճանապարհը փակեն, բայց մի փոքր բան անեն, մեզ էլ ասեն՝ հեսա, լավություն ենք անում։ Լավ կլինի, որ Կրեմլում հասկացած լինեն, որ էստեղ ղեկավարությունը չի որոշում, ժողովուրդն է որոշում։ Եթե չես ուզում Հարավային Կովկասում քո ազդեցությունը կորցնել, պետք է ժողովրդի ասածները հաշվի առնես։ Ժողովուրդը քեզ է հավատացել, պարոն Վլադիմիր Պուտին, քո ստորագրած եռակողմ համաձայնագրին՝ որպես գերտերության ղեկավարի, և քո երաշխիքով վերադարձել է Արցախ՝ իմանալով, որ ճանապարհը ապահովում ես։ Հայկական կողմն էլ Վլադիմիր Պուտինի երաշխավորմամբ է Քելբաջարը, մյուս տարածքները հանձնել, որ Ռուսաստանը երաշխավոր կկանգնի։ Հիմա մենք, ժողովրդով պետք է պարզենք՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մեզ խաբո՞ւմ է։ Մենք խաղալիք չենք իրենց ձեռքին։ Մենք էստեղ հավի ճուտ չենք։ Ճիշտ է ասում Ռուբեն Վարդանյանը, որ մի քանի ճանապարհ կա, բայց երեքը չէ, երկու ճանապարհ կա փրկության ու արժանապատվության պահպանման՝ մեկը մասսայական տարհանումն է, մյուսը՝ կանանց, երեխեքին հանում ենք, մենք տղամարդկանցով կռվում ենք մեր քաղաքում»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Վերադառնալով վաղվա իրենց անելիքներին՝ Պետրոսյանն ասաց, որ օդանավակայանում պահանջելու են կապվել թեկուզ Պուտինի հետ ու ներկայացնել իրավիճակը։ Պետրոսյանը նշում է. «Եթե պետք է խնդրել, թող խնդրի։ Բա 120 հազար մարդու երաշխավոր է կանգնել, եթե պետք է Ալիևին խնդրել, որ ճանապարհը բացի, թող Պուտինը խնդրի։ Պետք է ինչ-որ բանում ինքը զիջման գնա, մենք զիջելու տեղ այլևս չունենք։ Եվ Հայաստանի իշխանությունը թող չփորձի Արցախի համար Հայաստանի հաշվին ինչ-որ զիջումների գնալ։ Դա ճակատագրական, հակահայկական քայլ է լինելու իշխանության կողմից։ Ով փորձի Արցախի պատրվակով Հայաստանից ինչ-որ բան զիջել, նա մեր՝ հայի թշնամին է լինելու»,- ասաց Պետրոսյանը։

«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավարի կարծիքով՝ եթե Պուտինը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա թող դիմի Մինսկի խմբի մյուս անդամներին։ Ի վերջո, ըստ Պետրոսյանի, Արցախը կարող է այդ երկրների համար համագործակցության հարթակ դառնալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ