Պատրաստ եմ պայքարել իմ հող ու ջրի համար․ Գորիսում ապաստանած արցախցին պատրաստվում է միանալ Երևանից Լաչին մեկնող ավտոշարասյանը

Արցախի Մարտունու շրջանի բնակիչ Նարեկ Քամալյանը մեկն է այն արցախցիներից, որը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով չի կարողացել վերադառնալ Արցախ և ստիպված է ապաստանել Գորիսի հյուրանոցներից մեկում։ Նարեկն ասում է, որ մասնավորապես «Սոֆիա» հյուրանոցում, որտեղ ինքն ու եղբայրն են այս պահին հանգրվանել, մոտ 15-16 արցախցի կա, իսկ Գորիսի մյուս հյուրանոցներում, երեք օր առաջվա տվյալներով, մոտ 130 արցախցի է ապաստանել։ «Արցախցիներս հիմնականում Մարտունու շրջանից ենք, մեր ընտանիքից ես ու եղբայրս ենք, բայց, կարելի է ասել, բոլորով դարձել ենք մի ընտանիք։ Շատ լավ մթնոլորտ է, լավ սպասարկում։
Մեր նկատմամբ շատ ուշադիր են, շատ հյուրասեր ժողովուրդ են։ Ամեն ինչի համար գոհ ու շնորհակալ ենք»,- նշում է Նարեկ Քամալյանը։

Արցախցի մեր հայրենակիցը Երևան էր եկել եղբոր՝ 2014 թվականին «Եղնիկներում» ադրբեջանական դիվերսիայի ժամանակ հակառակորդին հերոսաբար դիմադրած, վիրավորում ստացած ԼՂՀ ՊԲ զինծառայող Նորայր Քամալյանի վիրահատության նպատակով։

«Վիրահատությունը, հանգամանքներից ելնելով, չի ստացվել, մեզ, կարծեմ, դեկտեմբերի 16-ն էր, չեմ հիշում կոնկրետ օրը, տեղեկացրին, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բացվել է, մենք էլ շուտափույթ կերպով եկել ենք, որ անցնենք, սակայն ճանապարհը փակ է, և ստիպված մնացել, տեղավորվել ենք Գորիսում»,- պատմում է Նարեկը։ Հյուրանոցում կեցության ծախսը, նրա հավաստմամբ, մարզպետարանն է հոգում, իսկ սննդի հարցում օգնում է նաև հյուրանոցի տնօրինությունը։ «Հենց այս պահին էլ հյուրանոցի տերը՝ Արթուր Միխայելյանը, մեզ հետ է զրուցում, սուրճ ենք խմում միասին»,-վստահեցրեց արցախցի մեր հայրենակիցը։ Նրա խոսքով՝ երբ հեռախոսով զրուցում է ընտանիքի անդամների հետ, զգում է, որ նրանց մոտ որոշակի նեղվածություն, անհանգստություն կա ստեղծված իրավիճակի հետևանքով, սակայն տնեցիները չեն հուսահատվում։ «Տանը երկու փոքրիկ երեխա ունենք։ Կարևորը՝ նրանց սննդի, դեղորայքի խնդիրները լուծված են։ Մնացած խնդիրները երկրորդական են ու լուծվող»,- լավատեսորեն նշում է Նարեկը։

Նա ևս հետևել է երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին և թեև ֆիզիկապես ներկա չէր, բայց զորակցում էր իր հայրենակիցներին։ «Ես իմ ընտանիքի և հարազատների հետ մեկտեղ պատրաստ եմ մինչև վերջ կանգնել և պայքարել իմ հող ու ջրի համար։ Համոզված եմ, որ Արցախում ապրող ցանկացած մարդ նույնը կասի։ Մենք մարտական ենք տրամադրված»,- նշեց արցախցի մեր հայրենակիցն ու հավելեց, որ պատրաստվում են այսօր միանալ ՀՀ-ից Արցախ մեկնող ավտոշարասյանը և հույս ունեն, որ ճանապարհը կբացվի, և կկարողանան միանալ իրենց ընտանիքներին։

Նշենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ մարզպետը նրանց հետ խոսել է կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։ Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու, ինչով հնարավոր է՝ դժվարություններին միասին դիմագրավելու համար։

Սյունիքի մարզպետարանում շարունակում է գործել Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացող խնդիրների լուծման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը։

Թեժ գծի հեռախոսահամարն է 093 25 08 08, այն գործում է շուրջօրյա. ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները կարող են զանգահարել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների և հրատապ հարցերի դեպքում։ Մարզպետարանը լուծում է տվել բոլոր այն մարդկանց խնդիրներին, որոնք դիմել են կեցության, սննդի, նաև առողջապահական խնդիրներով (բուժօգնություն, դեղորայք և այլն)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ