Կառավարությունը ռազմական դրության ժամանակ կարող է արգելափակել սոցցանցերը և համացանցը․ օրինագիծ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ․ նախատեսվում է սահմանափակել համացանցը

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով փոփոխություններ է առաջարկում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում։ Խոսքը վերաբերում է ինտերնետ հասանելիությանը, էլեկտրոնային մամուլին, սոցիալական ցանցերին և հավելվածներին։

Ներկա օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, սակայն համացանցի մասին խոսք չկար։

Նոր նախագծով նախատեսվում է ամրագրել հետևալը (օրենքի 8-րդ հոդվածի լրացում)

14) Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը.

15) Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում.

16) Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ինտերնետ հասանելիության ապահովում։

Ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազրությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։ Եթե համեմատենք արտակարգ դրության ռեժիմի հետ, փոխվարչապետը կլինի ռազմական դրության պարետը։ Իհարկե, 2020-ին էլի փոխվարչապետն էր պարետը, սակայն դա փոխվարչապետին օրենքով տրվող լիազրություն չէր, այլ քաղաքական ընտրության հարց։

Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը ղեկավարելու է վարչապետը:

Երբ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ այս օրենքը կիրառվեց, համացանցի հարցը բաց էր մնացել և բազում խնդիրներ առաջացրեց, որովհետև օրենքը ընդունելու ժամանակ ինտերնետի սահմանափակումը (օրենքը ընդունվել է 2006-ին) չէին նախատեսել։ Կառավարությունը չէր կարող ինտերնետը սահմանափակել միայն որոշումներով, որովհետև մարդու իրավունքներին վերաբերող թույլատրելի սահմանափակումները նախ և առաջ պետք է ամրագրված լինեն օրենքով։

Օրենքն ընդունվելու դեպքում Կառավարությունը արդեն կարող է արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածներ, այն ամենը ինչ կապված է համացանցի հետ և որը կարող է համարվել սպառնալիք ռազմական դրության իրավական ռեժիմին։

Սա կարևոր և անհրաժեշտ փոփոխություն է, իսկ կիրառության հարցը ինչպես միշտ թողնվելու է Կառավարության բարեխղճությանը՝ չխախտելու սահմանափակումը մտցնելու՝ անհրաժեշտության, իրավաչափության և համաչափության սկզբունքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ