Ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է «Մուրացան» բժշկական կենտրոն

«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային։

Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ն։

Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի եւ «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ:

Երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արեւիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն:

«Շնորհակալություն Հայաստան տեղափոխված փոքրիկի եւ այս պահին Արցախում երեխաների կյանքի փրկության համար պայքարող բոլոր նվիրյալներին»,-ասված է ԲԿ-ի գրառման մեջ։

Հիշեցնենք, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան Արցախից տեղափոխվել էր Հայաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ