Ծոծրակները կտեսնեն, բայց Ստեփանակերտից Երևանի կառավարում այլևս չեն տեսնի

13 օր է, Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ։ Նախագահի փոխարեն, պետնախարար Ռուբեն Վարդանյանը ամեն օր տեսաուղերձով է հանդես գալիս։ Հարց է առաջանում՝ ով է Արցախում իշխանությունը։ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելուց հետո արդեն իսկ կան տեղեկություններ, որ վերջինս Արցախում սահուն իշխանափոխություն իրականացնելու նպատակ ունի։

Իր հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էր ինքը, ասել էր նաև, որ հասել է իր նպատակին, քանի որ իր խոսքերը հասանելի է դարձել գրեթե բոլորին։

«Ասել եմ, որովհետև չէի սպասում, որ ՀՀ ղեկավարությունը և քաղաքացիները այսքան անտարբեր կլինեին մեր վիճակի համար, որ սգալու և հանրահավաքներ կազմակերպելու փոխարեն,տոնակատարություներ կկազմակերպեին՝ արդարանալով, թե իբր կյանքը շարունակվում է»,-ասել է նա:

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ինձ թվում է, որ Արայիկ Հարությունյանը այդուհանդերձ մերոնցից է, իսկ Ռուբեն Վարդանյանի միջոցով կոնֆլիկտի ուղիղ կառավարում է մտցրել Մոսկվան՝ կոնֆլիկտը իր շահերին ծառայեցնելու համար: Այլապես ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, մանավանդ որ նա հեղինակություն չունի ոչ Հայաստանում, ոչ Արցախում և կասկածելի անձ է դիտարկվում բոլորի կողմից։ Նա ուղիղ կառավարման է անցել, նպատակը կոնֆլիկտի լուծումը չէ, այլ Մոսկվայի շահերին ծառայեցնելը, ինչը նշանակում է կոնֆլիկտը չլուծել, այլ երբ պետք է բացել, փակել, մրսացնել, տաքացնել: Սա միայն Արցախի խնդիրը չէ, քանի որ Հայաստանը չի կառավարում Արցախը: 2018-ից հետո Մոսկվան փորձում է Արցախի միջոցով Հայաստանը կառավարել։ Հիմա Ռուբեն վարդանյանը Կրեմլի համար առաջին ռեզիդենտն է։ Ռոբերտ Քոչարյանն այլևս Մոսկվայի գլխավոր ռեզիդենտը չէ, նրան կողքի են դրել, Մոսկվան տեսավ, որ Քոչարյանին ժողովուրդն ատում է»:

Քաղաքագետը համոզված է, որ Մոսկվային չի հաջողվի Արցախի միջոցով կառավարել Հայաստանը. «Ղարաբաղի կլանը և ռուսական ռեզիդենցիան ծոծրակները կտեսնեն, բայց Ստեփանակետից Երևանի կառավարում այլևս չեն տեսնի, այն, ինչ եղել է 30 տարի, ինչը բացարձակ ռուսական շահի սպասարկում է։

«Ցավոք, հայ ժողովրդի մի մասի համար դա Պուտինի դիմաց հորիզոնական պառկելու քայլ է, իսկ արժանապaտիվ ժողովրդի համար դա մահ է»:

Լևոն Շիրինյանի կարծիքով Կիկաբիձեի օրինակը պետք է վարակիչ լինի հայերի համար. «Ռուբեն Վարդանյանը նշանակովի մարդ է, դրսից ուղարկվել է, մանիպուլյացիայով դարձել պետնախարար: Նա որևէ իրավունք չունի ՀՀ իշխանություններին կամ հայ ժողովրդին քննադատելու, նա Թաթարստանից ուղարկված էմիսար է, որ փորձում է հայության խնդիրները ծառայեցնել Մոսկվայի շահերին։ Հայաստանից դուրս որևէ մեկը ՀՀ իշխանություններին քննադատելու իրավունք չունի։ Ռուբեն Վարդանյանը թեև հայերեն է խոսում, բայց նրա խոսացածից որևէ մեկը չի հասկանում որևէ բան։ Նա շարքային ռեզիդենտ է։ Նա Կրեմլի տրոյական ձին է Թաթարստանից, և երջանկություն է, որ նրա հայերենը ոչ ոք չի հասկանում»,-ասաց Շիրինյանը: նա հավելեց, որ ռուսները չեն կարողանում կառավարել Հայաստանը և դրանից շնչահեղձ են լինում. «Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ անկախության մի փոքր կորուստը մահ է իր համար։ Մոսկվան առաջին անգամ կորցրել է հայ ժողովրդին կառավարելու հզոր լծակը»,-հայտարարեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ