«Ճգնաժամի շարունակվող բնույթը խոսում է այն մասին, որ առայժմ գոնե հնարավոր չի եղել քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել». քաղաքագետը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Միջազգային հանրության կոչերը չեն ստիպում Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը:

Zarkerak.am-ը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Արմեն Պետրոսյանի հետ և լսեց նրա դիտարկումները. «Այստեղ խնդիրը ոչ միայն վերաբերում է Լաչինի միջանցքին, ոչ միայն ինչպես ներկայացվում է ադրբեջանական կողմից ինչ-որ «բնապահպանական» խնդրի, այլ շատ ավելի բարձր մակարդակի քաղաքական խաղ է ընթանում, որի արդյունքում Ադրբեջանը փորձում է լուծել իր օրակարգում եղած միաժամանակ մի քանի խնդիր: «Բնապահպանական» ակցիային զուգահեռ վստահաբար ընթանում են նաև քաղաքական բանակցություններ, որի ընթացքում փորձ է արվում ձեռք բերելու տարածաշրջանին վերաբերող կարևոր պայմանավորվածություններ: Թերևս ճգնաժամի շարունակվող բնույթը խոսում է այն մասին, որ առայժմ գոնե հնարավոր չի եղել այդ պայմանավորվածությունները ձեռք բերել»:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանին չեն զսպում անգամ միջազգային կառույցների կոչերը, քանի որ դրանք հայտարարությունների մակարդակից դուրս չեն գալիս. «Դրանք պետք է վերածվեն պահանջի և նաև սպառնալիքի: Ներկայումս հնչած կոչերի հիմնական հատվածը նախ բավականաչափ ցածր մակարդակի է, և երկրորդ՝ ընդամենը հումանիտար շեշտադրմամբ ուղերձներ են պարունակում իրենց մեջ, հետևաբար, որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ Ադրբեջանի դիրքորոշման վրա: Քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակները նպաստավոր են, Ադրբեջանը շարունակելու է նման կոշտ միջոցներով, անզիջում կերպով շարունակել գնալ դեպի իր դրած նպատակների իրականացմանը՝ առանց կաշկանդվելու ո՛չ ռուս խաղաղապահների գործունեությունից, ո՛չ էլ միջազգային անատամ կոչերից»:

Խոսելով Լաչինի միջանցքի բացման հեռանկարների մասին՝ Պետրոսյանն ասաց. «Բնականաբար, այդ ճանապարհը մի օր բացվելու է, բայց ճանապարհի բացման հեռանկարի ժամանակային սահմանները պարզ կլինեն՝ կապված նրա հետ, թե ինչ քաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվելու: Այսինքն, եթե ձեռք բերվեն լուրջ պայմանավորվածություններ, ապա միջանցքը կշարունակի գործել անխափան, քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն իրենց առջև չեն դրել նոր նպատակներ: Եթե միջանցքը բացվի զուտ հումանիտար տեսանկյունից, ապա շատ մոտ ապագայում դարձյալ կարող է փակվել, քանի որ մեծ հաշվով Ադրբեջանի իշխանությունները շանտաժի միջոցով չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախում գազի մատակարարման դադարեցմանն ու վերականգնմանը. «Գազի մատակարարման խափանումը սխալ հաշվարկ էր Ադրբեջանի կողմից, որը շատ արագ կերպով կարգավորվեց, այսինքն ակնհայտ էր, որ ճանապարհը փակելուն զուգահեռ գազի մատակարարման խափանումն էլ բացահայտ շանտաժի քաղաքականության դրսևորում էր: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձ է անում ցույց տալ ոչ թե քաղաքական շանտաժի պատկեր, այլ ընդամենը քաղաքացիական, բնապահպանական ակցիաներ և այլն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ