Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ալիևը Նախիջևանում «մաքրություն» է սկսել

Վերջին օրերին Նախիջևանում անհանգիստ է. ըստ ադրբեջանական մամուլի՝ Ալիևը Նախիջևանում մաքրություն է սկսել:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) — Վերջին շրջանում Նախիջևանի շուրջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, կոմիտեներ են ստեղծում, այսինքն՝ ուղիղ ենթակայության տակ են դրվում այդ կառույցները Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանում ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ ունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը իր այդ կարգավիճակը ստացել է 1921 թ.:

Տարոն Հովհաննիսյան — Բխում է 1921-ի Մոսկվայի պայմանագրից, որով Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին, և դա պահպանվել է խորհրդային տարիներին ու նաև Ադրբեջանի անկախացումից հետո:

Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) — Այդ պայմանագրի ստորագրմանը չի մասնակցել խորհրդային Հայաստանը:

Տարոն Հովհաննիսյան — Մինչ այդ այն եղել է Հայաստանի առաջին հանրապետության մաս և Ադրբեջանի կազմում երբեք չի եղել:

Խորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն, Նախիջևանում հետևողականորեն իրականացվել է հայաթափման քաղաքականություն, որն ուղեկցվել է նաև Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ:

Տարոն Հովհաննիսյան — Ինքնավարության պահպանման հենքը Մոսկվայի պայմանագիրն էր, որի կողմերը Մոսկվան ու Թուրքիան էին, որի մեջ գրված էր, որ այն երրորդ կողմին այն չպիտի փոխանցվի: Այսինքն Հայաստանին ու Թուրքիային՝ այն դիտարկելով որ վերջում իր կազմում կմնա:

Ըստ փորձագետների՝ Ադրբեջանը ներկայումս սկսել է Նախիջևանին ինքնավարությունից քայլ առ քայլ զրկելու ծրագիր: Դեռ նախորդ շաբաթ Նախիջևանի մաքսային պետական կոմիտեի շենքում Պետանվտանգության ծառայությունը խուզարկություններ սկսեց, չուշացան 1 տասնյակի հասնող նախիջևանցի մաքսավորների ձերբակալությունները: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ ձերբակալվածների թվում է նաև գերատեսչության բաժիններից մեկի ղեկավարը՝ Մանսուր Ասկերովը՝ ավելի քան 70 միլիոն դոլար հափշտակելու կասկածանքով։ Հաջորդ աղմկոտ քրեական գործն էլ վերաբերում էր ինքնավար հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևին, որը նույնպես ձերբակալվել է։ Վերջինս էլ մեղադրվում է մոտ 85 միլիոն դոլար հափշտակելու համար:

Բաքուն, սակայն, միայն ձերբակալություններով չի սահմանափոկվել: Ադրբեջանի նախագահի հրամանագրով լուծարվել է Նախիջևանի մաքսային պետական կոմիտեն։ Պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ լուծարվել է նաև Նախիջևանի Պետական անվտանգության ծառայությունը:

Տարոն Հովհաննիսյան — Փաստորեն, շատ կառույցների ինքնուրույնության մակարդակը իջեցնում են և մտցնում են Ադրբեջանի համապատասխան կենտրոնական կառույցների ենթակայության տակ: Մեծ հաշվով, կարգավիճակի իջեցում է:

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մինչ այս վերջին զարգացումները Նախիջևանի քիչ կառույցներ էին ենթարկվում Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին:

Տարոն Հովհաննիսյան — Դրանցից մեկը բանակն էր, որի հրամանատարը ՊՆ տեղակալ է և ենթարկվում է ՊՆ-ին, մյուսները շատ մասով ենթակա է ինքնավար հանրապետության ղեկավարին, որն էլ ենթակա է Ալիևին:

Թե ինչով է պայմանավորված Բաքվի այս գործելաոճը՝ ադրբեջանական մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում՝ Ռուսաստանի գործոնի թուլացում, ներկլանային պայքար, «Նախիջևանի խանի» կառավարման դարաշրջանին վերջ դնելու Ալիևյան որոշում: Շատ փորձագիտական խմբեր են այն կապում ինքնավար հանրապետության 26 տարի ղեկավարող, տեղական խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ, որը, ի դեպ, Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի ամենամտերիմ մարդկանցից էր:

Ըստ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի՝ Ադրբեջանի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկը համարվող Նախիջևանի ղեկավարի ընտանիքին պատկանող արտերկրյա գույքի ընդհանուր արժեքը հասնում է 63 միլիոն դոլարի:

Նախիջևանի կարգավիճակի նվազեցման հնարավոր սցենարը ադրբեջանագետ տարոն Հովհաննիսյանը չի բացառում՝ դա կապելով նաև Արցախյան հիմնախնդրի հետ:

Տարոն Հովհաննիսյան — Ադրբեջանը կարող է իջեցնել ինքնավարության կարգավիճակը, որ հետագայում գուցե վերացնի այն՝ ցույց տալով, որ Ադրեջանում ինքնավար այլ միավոր չկա և Արցախում էլ չի կարող լինել:

Ռուբեն Սաֆրաստյանն էլ հիշեցնում է Մոսկվայի պայմանագրի դրույթները:

Ռուբեն Սաֆրաստյան — Եթե կարգավիճակը խախտվի, ապա Հյուսիսային կովկասի 3 երկները և Ռուսաստանը պետք է համաձայնությունը տան՝ Վրաստան, Իրան,Հայաստան և Ռուսաստան՞ Հակառակ դեպքում կխախտվի այդ պայմանագիրը:

Ալիևի նոր քաղաքականության պատճառը, ըստ թուրքագետի, կարող է լինել նաև Նախիջևանում սկիզբ առած ընդվզումները:

Ռուբեն Սաֆրաստյան — Տեսնում ենք մեկ այլ գործընթաց՝ շիա փոքրամասնությունը ակտիվացել է, և հայտարարում են, որ պետք է միանան Իրանին:

Ամեն դեպքում, ըստ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ Բաքուն շարունակելու է սկսած գործընթացը:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ