Լավրովի հայտարարություններով Ռուսաստանը փորձում է մաքրել ոչ միայն իրեն, այլև Ադրբեջանին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ասուլիսի ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություններ է արել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների և ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Նա մասնավորապես արևմտյան երկրներին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչնչացնելու, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը ջուրը գցելու մեջ, ու, նրա համոզմամբ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավելու Արևմուտքի փորձերը անարդյունավետ են։

Լավրովի ասուլիսի բավականին հետաքրքրական հայտարարություններից էր այն, որ Ռուսաստանը ցանկանում էր օրակարգում պահել Արցախի կարգավիճակի հարցը, սակայն Երևանը Պրահայում Բաքվի, Փարիզի ու Բրյուսելի հետ պայմանավորվեց Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ, այդ կերպ հրաժարվելով Արցախի կարգավիճակի հարցից: Ուշագրավների շարքից հաջորդն այն էր,որ պարոն Լավրովը հստակ արձանագրեց, որ «Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին երաշխիքներ տրամադրել այն իրավունքների վերաբերյալ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետներ Արմեն Հովհաննիսյանի և Արմեն Պետրոսյանի հետ։

«Ռուսաստանը մաքրում է իր պատմությունը, փորձում է ինքնամաքրվել՝ մեղքն ու հանցանքը բարդելով մյուս երկրների վրա։ Ռուսաստանը մաքրում է ոչ միայն իրեն,այլև Ադրբեջանին, խնդիրը դա է»,- մեզ հետ զրույցում Լավրովի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին ահա այսպիսի ընդհանուր գնահատական տվեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

Քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստանն ինքն է Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ դավադրական քայլ կատարել՝գաղտնի համագործակցելով Թուրքիայի հետ և իրագործելով Արցախի 44-օրյա պատերազմը, որը դադարեց առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդության, հօգուտ Ադրբեջանի, ՌԴ-ի, Թուրքիայի շահերի և ի վնաս Հայաստանի։

«Մյուս կողմից՝ պատերազմի հետևանքով հազարավոր զոհեր եղան, իսկ Մինսկի խումբը կոչված էր ոչ այնքան Արցախի հիմնախնդիրը լուծելու, այլ արյունահեղությունը բացառելու, բախումներից խուսափելու հարցերը լուծելու։ Հետևաբար Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին և Ֆրանսիային Մինսկի խումբը ցրելու մեջ մեղադրելը՝ սեփական հանցանքը կոծկելու հնարք է»,- նշում է նա։

Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, նույնիսկ դրանից հետո Ֆրանսիան և ԱՄՆ-ը չդադրեցրին Մինսկի խմբի գործունեությունը, դեռ ավելին՝ 2021 թվականին արտգործնախարարներով հայտարարություն ստորագրեցին, ըստ որի՝ խնդիրը պետք է լուծվի միայն Մինսկի խմբի մանդատի ներքո։ Միայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, (որը ընդհանուր ռուսական պլանի մի մասն էր, իսկ դրա նախերգանքը Արցախի պատերազմն էր), գերլարվեցին այդ հարաբերությունները։ Անգամ այդ դեպքում ՌԴ-ն շատ հանգիստ կարող էր բանակցող նշանակել, սակայն դա էլ մերժեց։

Անդրադառնալով Արևմուտքի և Հայաստանի ձեռքով Արցախի կարգավիճակի հարցը փակելու մասին հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց․ «Արևմուտքի ոչ մի երկիր, ինչպես նաև Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, չի ասում, որ Արցախի խնդիրը լուծված է, հակառակը՝ մեծ մասը պնդում է՝ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբում և դրա մասին միայն խոսում է Ադրբեջանը Թուրքիան,Պակիստանը։ Այնպես որ ասելով, որ Պրահայում Հայաստանը թաղել է Արցախի կարգավիճակի խնդիրը, կեղծ մեղադրանք է։ Ուրիշ խնդիր է, իմ կարծիքով, որ արևմտյան հարթակում հնչեցրած ձևակերպումները չեն բացառում Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ինչն անընդունելի է ինձ համար։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ աշխարհում որևէ երկիր, բացի Ադրբեջանից, չի կարող հրաժարվել Արցախի խնդրի կարգավորումից։ Ալմա-Աթան չի կարող ունենալ կարգավիճակից հրաժարվելու ենթատեքստ»,- ընդգծում է նա։

Քաղաքագետը, որպես ամենաակնհայտ հիմնավոր փաստ, նշեց այն, որ Պրահայում միջնորդ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, Սենատում բանաձև է ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքի, ընդհուպ մինչև անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչպես պետք է ստորագրեր Արցախի կարգավիճակը թաղելու տակ․ «Պարզապես Լավրովը սրանով ուզում է ասել Հայաստանին՝ կամ մեզ հետ եք, կամ Ադրբեջանի, Թուրքիայի հետ դեմ առ դեմ մենակ եք, կորած եք»։

Ըստ Հովհաննիսյանի՝ խնդիրն այն է, որ սրանով ոչ միայն Ռուսաստանին է մաքրում Լավրովը, այլև Ադրբեջանին՝ հայտարարելով, թե Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին երաշխիքներ տրամադրել այն իրավունքների առնչությամբ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Եվ դա այն դեպքում, երբ ոչ մի արևմտյան երկիր չի ասում, որ Ադրբեջանը պատրաստ է երաշխավորել, հակառակը՝ կա մեղադրանքների մի մեծ ցուցակ, թե ինչ է անում Ադրբեջանը, որ չի կարելի անել Հայաստանի,Արցախի հետ։

«Ուրեմն Ադրբեջանի քաղաքացիները իրավունքի մեջ լող են տալիս, ազատ մարդիկ են, իրենց ազգային-քաղաքացիական արժանապատվությունը այնպես հարգված է, որ մի բան էլ կարող են այդ փորձը տարածել ուրիշների վրա։ Ոչ մի երկիր, անգամ Թուրքիան չի կարող նման բան ասել։ Սակայն միայն Ռուսաստանն է վստահ, որ Ադրբեջանը կարող է պաշտպանել մարդու իրավունքները։ »Ադրբեջանի մյուս քաղաքացիների իրավունքներ» արտահայտությունը լրիվ ծաղր է, և այդպիսի ծաղր կարող է իրեն թույլ տալ միայն Լավրովը, որովհետև ամբողջ աշխարհին է հայտնի»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Լավրովի հայտարարությունների Հայաստանի ներքաղաքական դաշտին ուղղված ուղերձներին, ընդդիմության համար իշխանության դեմ կանաչ լույս վառելու ենթատեքստին՝ Հովհաննիսյանն ասաց․ «Չեմ ուզում ամենևին երևալ Կառավարության պաշտպան, սակայն այսպիսի հայտարարություններով Ռուսաստանը նոր հնարավորություններ, գործիք է տալիս ռուսամետ ընդդիմադիրներին՝ պայքարելու արևմտյան ձևաչափերի դեմ, որոնք չեն բխում ՌԴ շահերից։ Այսինքն՝ ՌԴ-ն ասում է ընդդիմությանը, եթե դուք մեր կլիենտն եք, պետք է հենց այս շեշտադրումներով խոսեք։ Ու սրանից հետո կտեսնենք նույն ոգով խոսող քաղաքական գործիչներ, լրագրողներ, մեդիա»։

Լավրովի այսպիսի տոնայնության պատճառը, ըստ քաղաքագետի, ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի մերժողական դիրքորոշումն էր, որը, մեղմ ասած, բավականին նեղացրել է Ռուսաստանին։

Տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ իրականում Լավրովի հայտարարությունը, թե՝ Ռուսաստանը նպատակադրված էր Արցախի կարգավիճակի հարցը պահպանել օրակարգում, սակայն Երևանը Պրահայում Բաքվի, Փարիզի ու Բրյուսելի հետ պայմանավորվեց Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ, այդ կերպ «հանելով» Արցախի կարգավիճակի հարցը, իրականում ոչ այնքան մեղադրանք էր, որքան տվյալ իրավիճակում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց, կամ սեփական միջնորդական առաքելությունն ի կատար չածելու արդարացում։ «Ակնհայտ է, որ ՌԴ-ն փորձ է անում Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում առաջացած խնդիրները, և ռուսական միջնորդության անզորությունը պայմանավորել ինչպես Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, այնպես էլ արևմտյան խաղացողների քայլերով, որոնք ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում նպատակ են հետապնդում թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում և ընդհանրապես վերցնել ՌԴ-ից այն դափնիները, որոնք հաջողվել է նրան ձեռք բերել 2020-ի 44-օրյա պատերազմի արդյունքում՝ այն դադարեցնելու միջոցով»,-բացատրում է Պետրոսյանը։

Այսինքն՝ նրա դիտարկմամբ՝ առաջնային նպատակը սեփական անկարողությունը հիմնավորելն էր, պատասխանատվությունը, այսպես ասած, իր վրայից գցելն էր, քանի որ տեսանք՝ՌԴ-ն չի կարողանում Ադրբեջանին ստիպել համաձայնել կարգավիճակի օրակարգի պահպանումը խաղաղության համաձայնության շրջանակում։

Գալով Ալմա-Աթայի հայտարարությանը և մասնավորապես հռչակագրով կարգավիճակի հարցը փակելու հարցին՝ ասաց, որ այն ավելի շատ իրավա-քաղաքական խնդիր է, այնուամենայնիվ, Ալմա-Աթայի հռչակագրին եթե նայենք այն տեսանկյունից, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային միության սահմաններով, ապա նշանակում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, իսկ եթե նայում ենք ԽՍՀՄ փլուզումից առաջ սկիզբ առած Արցախյան շարժման, դրա պատճառների, գործընթացների,Արցախի անկախացման պրիզմայով, ապա իրավական առումով հնարավորություն է պահպանվում Արցախի կարգավիճակի համար։

Ըստ Պետրոսյանի՝ Արևմուտքին և Հայաստանին էր ուղղված նաև արևմտյան միջնորդությամբ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի ստեղծման քննադատությունը։ «Բնականաբար սահմանազատման հարցում քաղաքական-իրավական հնարավորություն ավելի շատ Ռուսաստանն ունի, ինչպես շեշտում է Լավրովը, սակայն, տեսնում ենք՝ այդ հնարավորությունը ևս ՌԴ-ն չի կարողանում օգտագործել»,- հավելեց նա։

Հարցին արդյոք Լավրովի այս հայտարարությունը «կանաչ լույս» չէր Հայաստանի ընդդիմության համար՝ նորից շրջանառելու վտանգավոր թեզը, թե իշխանությունը դավադրաբար սպասարկում է ադրբեջանական շահերը և հրաժարվել է Արցախի կարգավիճակից, այդպիսով իշխանության դիրքերը թուլացնել, որի պատճառ կարող էր լինել ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ առաջացած խնդիրները, քաղաքագետն ասաց՝ չի կարծում,որ դրանք ուղղված էին Հայաստանի իշխանության դեմ, ներքաղաքական լարում առաջացնելու խնդիր ստեղծելու նպատակով․ «Այդ ուղերձներն ավելի շատ պայմանավորված էին Ռուսաստանի կողմից միջնորդական հնարավորությունները, նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անկարողությունը կապել այլ խաղացողների մոտեցումներով և դրա համար էլ որևէ օբյեկտիվ խոսք, քննադատություն չի հնչում Ադրբեջանի դեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանն է հիմնականում տապալում բանակցային գործընթացը, դուրս գալիս եռակողմ պայմանավորվածություններից և անընդհատ ուժ կիրառում, ապակայունացնում տարածաշրջանը, և Լավրովի օբյեկտիվության ամենամեծ հարցականները Ադրբեջանի սադրիչ վարքագծին գնահատական չտալն է»։

Իսկ թե ինչ չափով է դա կապված ՀԱՊԿ գագաթնաժողովում արված առաջարկությունը Հայաստանի կողմից չստորագրելու հետ, նաև այս օրերին ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵԱՀԿ գրասենյակի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման հետ, որտեղ խոսվել է նաև ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությունից, Պետրոսյանն ասաց․ «Այն, որ Հայաստանի և Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջև որոշակի լարվածություն կա, դա միանշանակ է, սակայն չէի շտապի կապել Հայաստանի քայլերի, դիվանագիտության հետ, որովհետև այնուամենայնիվ, որպես մեր տարածաշրջանում դեռևս իր շահերի պաշտպանությանը ձգտող խաղացող, Ռուսաստանը պետք է փորձի բավականին զգույշ, նուրբ աշխատել նաև Հայաստանի հետ։ Այսինքն՝ ՌԴ-ն այս պահին Հայաստանին թիրախավորելով, պատին դեմ տալով, փորձում է ինչ-որ բան հարկադրել, որովհետև իրավիճակը թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում բավականին փխրուն է, և բոլոր խաղացողներն էլ, ըստ էության, փորձում են օգտվել իրավիճակից և առավելագույն օգուտներ քաղել, և Ռուսաստանը միակողմանիորեն ճնշում գործադրելով չի կարողանա հաջողությամբ հասնել իր առջև դրված նպատակներին։ Ռուսաստանը պետք է ջանա վերջնականապես չկորցնել Հայաստանի վստահությունը և Հայաստանի միջոցով տարածաշրջանում մնալու իր հնարավորությունը։ ՌԴ-ի համար էլ հասկանալի է, որ Արևմուտքը կօգտվի Հայաստանի հետ ունեցած իր խնդիրներից։

Պետրոսյանի կարծիքով՝ Արևմուտք-Ռուսաստան լարվածության և կոշտ միջնորդական մրցակցության հետևանքները բավականին սուր ազդեցություն են ունենում մեր տարածաշրջանի վրա և դեռ կունենան։ Այդ է վկայում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զրոյական վիճակը և գնալով պայթյունավտանգ զարգացումների հավանականության մեծացումը, ընդ որում՝ հաշվի առնելով Իրանի հետ Արևմուտքի խնդիրները՝ նա չի բացառում նոր մասշտաբային պատերազմի սկսման վտանգը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ