Վարչապետը կանխարգելում է Սերժ Սարգսյանի հարցազրույցը

1in.am-գրում է

Կառավարության ապրիլի 4-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազալցակայաններում գազի գնի թանկացման մասին վերջին օրերին շրջանառվող լուրերին՝ փաստացի կոշտ վերջնագիր ներկայացնելով գազալցակայանների տերերին: Իսկ նկատի ունենալով այն, որ գազալցակայանների տերերը Հայաստանում պատահական մարդիկ չեն, և նրանք կազմել են նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր և թևեր, հասկանալի է դառնում, որ վերջնագիրը ներկայացված է հենց այդ թևերին:

Նիկոլ Փաշինյանն օգտագործել է «որոշ նախկին օլիգարխներ» տերմինը: Թե ում նկատի ունի նա այդ ասելով՝ պարզ չէ, սակայն հայտնի է, օրինակ, որ Երևանում գազալցակայանների ամենամեծ ցանցն ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ու քանի որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է նաև «առանց բացառության» բնորոշումը՝ հայտարարելով, որ հանրային իշխանության դեմ այդօրինակ մանիպուլյատիվ խաղեր խաղացող նախկին օլիգարխ լցակայանատերերը կստանան դաժան հակահարված առանց բացառության, կա հիմք եզրակացնելու, որ նրա այդ կոշտ արձագանքը վերաբերում է նաև Գագիկ Ծառուկյանին:

Միևնույն ժամանակ, հիմք կա ենթադրելու, որ վարչապետի հայտարարության համար գազալցակայանների թեման ավելի շուտ առիթ էր, քան բուն կամ բացառիկ պատճառ: Այդ թեման Նիկոլ Փաշինյանի համար թերևս առիթ էր՝ հղելու կոշտ հաղորդագրություն նախկին իշխող համակարգին, այն կազմող թևերին, հատկապես նկատի ունենալով այն, որ վերջին շրջանում այդ թևերում նկատվում է որոշակի աշխուժություն, առնվազն տեղեկատվաքարոզչական իմաստով՝ ներառյալ նաև, իհարկե, հանրային տարբեր խմբերի և դժգոհության լոկալ պատճառների առիթով հնարավորինս մեծ գեներացիա և աղմուկ առաջացնելու նկատելի մարտավարությունը: Վարչապետը դարձյալ կրկնել է, թե որևէ մեկը չպետք է խաբվի իշխանության բարեկրթությանը և համարի, որ հնարավոր է մանիպուլյատիվ միջոցներով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում:

Միևնույն ժամանակ հետաքրքիր է հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը հնչում է Սերժ Սարգսյանի աշխուժացման ֆոնին, որը պատրաստվում է խոսել իր հրաժարականից մեկ տարի անց, և մամուլում կա արդեն տեղեկություն, որ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանցի մեկնաբան Սոլովյովին, որը կհրապարակվի նրա հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին:

Փաստորեն ստացվում է, որ Փաշինյանը հարցազրույցից առաջ կոշտ հաղորդագրություն է հղում այն շրջանակներին, որոնք մեծ ոգևորությամբ են սպասում այդ հարցազրույցին:

Աղբյուրը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ