Ակնհայտորեն եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց այդպես էլ չի ասվում, թե ով և որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։ Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ես կփորձեմ ամփոփել այս հարցը, քանի որ պետք է փաստեմ, որ այս մասին, ինչպես ասում են, փաթեթային ձևով խոսելու առիթ երբեք չի եղել։
Եռակողմ հայտարարության 1-ին կետում ասվում է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։
Նույն հայտարարության 3-րդ կետում ասվում է. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»։
Այս կետերը հստակ սահմանում են, որ կա, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունի ԼՂ-ում շփման գիծ, գոյություն ունի Լաչինի միջանցք։ Շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է խաղաղապահ զորախումբ՝ ձևավորելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, և կողմերը մնում են իրենց դիրքերում, բացառությամբ Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ համաձայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերի:
Խախտելով այս կետերը՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի՝ ի հեճուկս փաստաթղթի, որը ստորագրել է այդ թվում` Ադրբեջանի նախագահը։
Խախտելով հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին վերոնշյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները։
Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաև 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը և ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում։
Հարկ է նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։
Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց։
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում։
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Խախտելով սույն կետը՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- ընգծեց վարչապետը։