Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հավաքը կայանալու է Երևանում՝ նոյեմբերի 23-ին։ 44-օրյա պատերազմից հետո սա կլինի Պուտինի առաջին այցը Հայաստան, բայց՝ ՀԱՊԿ նիստի շրջանակում։
Ի դեպ, ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին հայտնել է Պեսկովը։
Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն Հայաստան ժամանող Պուտինի հետ հանդիպման ցանկություն է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը դեռևս օրեր առաջ ՌԴ նախագահի աշխատակազմին առաջարկել է հանդիպում կազմակերպել Երևան ժամանող Պուտինի հետ։
Երևանում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Քոչարյանի հետ, թե ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա։
Թերևս փողոցային պայքարի լիակատար տապալումից հետո Քոչարյանը դեռ հույսեր է փայփայում, որ գոնե Կրեմլից աջակցություն կստանա իշխանության հասնելու հարցում։