«Պեմզաշենի դաժան սպանության 2-րդ կասկածյալն իր մեղքը չի ընդունում». մանրամասնում է նրա փաստաբանը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը բավարարել է Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու, վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու դաժան սպանության գործով երկրորդ կասկածյալի՝ Պեմզաշեն գյուղի 36-ամյա բնակիչ Արկադի Բարսեղյանի խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը։

Արկադի Բարսեղյանի փաստաբան Վոլոդյա Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծանոթանալով գործի նյութերին՝ կարող է ասել, որ առկա է հիմնավոր կասկածի բացակայությունը կոնկրետ իր պաշտպանյալին վերագրվող արարքի դեպքում։ «Նախաքննական մարմինն այս ընթացքում կարող է ստուգել Արկադիի տված ցուցմունքի ալիբիները։ Ճիշտ է` ժամանակը կարճ էր, բայց հնարավոր էր որոշակի անհետաձգելի գործողություններ անել, որից հետո պարզ կդառնար, որ Արկադին կապ չունի այդ հանցագործության հետ»,– ասաց փաստաբանը։ Նրա խոսքով` Արկադին մանրամասն ցուցմունք է տվել, մեղքը չի ընդունում, և նախաքննության ընթացքում նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ Փաստաբանը նաև նշեց, որ իր պաշտպանյալը գյուղից չի հեռացել և նրան ձերբակալել են այնտեղից, որտեղ նա սովորաբար լինում է։ Հիշեցնենք, որ լուսաբացին դատարանը կալանավորել էր այս գործով ևս մյուս կասկածյալին՝ Պեմզաշեն գյուղի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանին։

Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել սպանության դաժան դեպքի կապակցությամբ, որում մասնավորապես ասված էր․ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, ով տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք Է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու և գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրն ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից:

Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ