Ընտանեկան բռնության 258 դեպք է գրանցվել հունվար-սեպտեմբերին, հարուցվել է 71 քրեական գործ

Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ 2022 թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է ընտանեկան բռնության 258 դեպք, հարուցվել է 71 քրեական գործ, այդ թվում՝ 20-ն ուղարկվել է դատարան, 51-ը կարճվել է։ Մերժված քրեական գործերի քանակը 187 է։ Տվյալները civic.am-ին հայտնի դարձան Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվությունից։

Նշենք, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 135 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել է դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, 252 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 112-ը՝ արդարացնող, իսկ 140-ը՝ ոչ արդարացնող հիմքով, 31 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 17-ը՝ հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 14-ը՝ հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 53-ը միացվել է, 80 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 19-ը, ըստ 2021-ի տվյալների, կատարվել է մոր կողմից, որից 12-ը՝ անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը՝ անչափահաս զավակի նկատմամբ, 1-ը՝ խորթ մոր կողմից՝ անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը՝ խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 20-ը՝ զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 7-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 169-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 1-ը՝ թոռան կողմից, 6-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից:

Հավելենք, որ Վիճակագրական կոմիտեն ամիսներ առաջ հրապարակեց «Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» տվյալները (հետազոտությունը կատարվել էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության հետ համատեղ), որոնց մասնակցել էր 2872 կին: Ըստ հետազոտության տվյալների՝ Հայաստանում կանանց մեծ մասը՝ 67%-ը, ոչինչ չի անում բռնությունից պաշտպանվելու կամ բռնությանը պատասխանելու համար։ Կանանց միայն 33%-ն է երբևէ հակահարված տվել զուգընկերոջ բռնությանը։ Կանանց կողմից զուգընկերոջ ֆիզիկական բռնությանը հակահարված տալու 39.2% դեպքերում այն դադարել է։ Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց միայն 12%-ն է դիմել օգնության որևէ պատասխանատու կառույցի։ Ընդ որում՝ այդ կառույցներին դիմել են միայն այն ժամանակ, երբ արդեն չեն կարողացել հանդուրժել բռնությունը կամ բռնության արդյունքում ստացված վնասվածքը։

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված և վերջին անգամ տնից հեռացած կանանց 63%-ը վերադարձել է ամուսնու տուն (ընտանիք):

Զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 76.5%-ը շարունակում է ապրել բռնարարի հետ՝ երբևէ չլքելով տունը։

Հիշեցնենք, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2017 թվականին, ուժի մեջ է մտել 2018-ից։

Ընտանիքում բռնություն է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:

Ընտանիքում բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իր գործառույթների շրջանակներում իրականացնող կառույց է նաև ոստիկանությունը, որը իրենց նկատմամբ ընտանիքում բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ