10-12-րդ դասարաններում այս ուստարվա երկրորդ կիսամյակից աստիճանաբար կրեդիտային համակարգ կներդրվի

Դպրոցների 10-12-րդ դասարաններում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից աստիճանաբար կներդրվի կրեդիտային համակարգ: Բավարար կրեդիտներ ունեցող շրջանավարտները նաև հնարավորություն կստանան առանց քննության բուհ ընդունվել: Համակարգը նախ կփորձարկվի, հետո արդեն ամբողջությամբ կներդրվի բոլոր դպրոցներում:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) — Փորձարկման առաջին փուլում ծրագիրը գործելու է բուհերի ենթակայությամբ գործող դպրոցներում, ինչպես նաև Տավուշի մարզի ավագ դպրոցներում, որոնք, ինչպես գիտեք, նոր չափորոշչով են իրենց աշխատանքները կազմակերպում:

Սովորողները կկարողանան կրեդիտները օգտագործել հորիզոնական և ուղղահայաց հարթություններում: Հորիզոնականում, օրինակ, հնարավոր կլինի կրեդիտները հանրակրթական դպրոց բերել:

Օրինակ՝ ֆիզկուլտուրայի դասի համար կրեդիտ բերել սպորտդպրոցից, որտեղ հաճախում է: Կամ արվեստի դասերի համար՝ գեղարվեստի, արվեստի, երաժշտական դպրոցներից:

Ուղղահայաց հարթությունում էլ նախատեսվում է, որ դպրոցի կրեդիտները կարող են հաշվառվել հաջորդ մակարդակի կրթական հաստատությունում՝ քոլեջում կամ բուհում՝ ընդունելության ժամանակ կամ արդեն ուսումնառության ընթացքում:

Երբ որ, օրինակ, երեխան դպրոցում սովորել է գրաբար, այնուհետև ընդունվում է բանասիրության ֆակուլտետ, կարողանում է նաև այդ կրեդիտը բերել և, օրինակ, բուհում ուսումնառության ժամանակ գրաբարի դասերին մասնակցել այն ծավալով, ինչ ծավալով որ մյուսներն են մասնակցում:

Կրեդիտների ճանաչումը ավտոմատ չի լինելու, ու պետք է կարգավորվի ուսումնական հաստատությունների միջև պայմանագրով: Բուհի ենթակայությամբ գործող դպրոցից անցումն էլ պարտադիր չէ, որ լինի տվյալ բուհ: Համակարգն ամբողջությամբ կներդրվի 2024-25 ուսումնական տարուց: Ի դեպ, կրեդիտների ճանաչման մեխանիզմ, փոխնախարարի խոսքով, այսօր էլ կա: Պայմանագրի հիման վրա Ամերիկյան համալսարանը ուսումնառության ընթացքում հաշվառում է «Այբ» դպրոցի որոշ կրեդիտներ:

Նաիրա Սաֆարյան (Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր) — Կրեդիտային համակարգը իրականում պետք է ավելի վաղուց մտներ դպրոց, երբ որ Բոլոնյան համակարգը ներդրվեց ՀՀ-ում: Դուք գիտեք, որ բուհական համակարգում է ներդրվել, բայց կրեդիտային համակարգը ավագ դպրոցներում ներդրումը ևս մտնում էր Բոլոնյան ծրագրի մեջ: Այսինքն՝ այդ տեսանկյունից կարելի է նաև ասել՝ ուշացած է:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի կարծիքով՝ կրեդիտային համակարգի ներդրումը դրական է թե՛ դպրոցների, թե՛ բուհական համակարգի համար: Մանկավարժականը գործընթացին երկկողմանի է ընդգրկվելու, որովհետև բուհի ենթակայությամբ հենակետային վարժարան՝ ավագ դպրոց է գործում:

Նաիրա Սաֆարյան — Եվ ակադեմիական տեղեկանքներ են տրվելու ավագ դպրոցի շրջանավարտին, որը բուհերի հետ քննարկման արդյունքում պետք է որոշվի, թե դա ինչպես է ճանաչվում, և՛ ինչ արժեք է ունենալու, և՛ ինչ արտոնություն է տալու ավագ դպրոցի շրջանավարտին, ասպես ասած:

Կրեդիտային համակարգի ներդրում՝ չի նշանակում, թե ավագ դպրոցում այլևս գնահատական չի լինի: Ուղղակի դասընթացների համար կրեդիտներ կտրվեն: Մեկ կրեդիտը համարժեք է լինելու 30 ակադեմիական ժամի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ