«Ավելի ճիշտ կլիներ, եթե Քոչարյանի դաշինքի անունը լիներ «ՀԱՊԿ» դաշինք կամ «Զատուլինի անվան հայրենակցական միություն» դաշինք, բայց ոչ երբեք՝ «Հայաստան»». Վահագն Ալեքսանյան

Ամիսներ շարունակ ԱԺ աշխատանքները բոյկոտած ընդդիմությունը երեկ եկել էր ԱԺ, և հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավորներն իրենց հայտարարություններում կրկին մեղադրանքներ հնչեցրին իշխանության հասցեին, մասնավորապես ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն ամբիոնից հայտարարեց, որ իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են Արցախից և, ներկայացնելով ինչ-որ վաշինգտոնյան փաստաթուղթ, որն իբր պատրաստվում է ստորագրել իշխանությունը, այն պատռեց հենց ամբիոնի մոտ։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։
«Մեկնաբանելու շատ բան չկա, որպես այդպիսին, որովհետև երբ Հայաստանի սահմաններին տեղի է ունենում թշնամական ագրեսիա, երբ զոհվում են հայ զինծառայողներ, գերեվարվում են, նրանք, միևնույն է, խորհրդարան չեն գալիս, բայց երբ ինչ-որ մի օտարերկրյա պաշտոնյա, այս դեպքում՝ պարոն Զատուլինը Հայաստանի կողմից հռչակվել է անցանկալի անձ, նրանք գալիս են խորհրդարան և լծվում են նրա պաշտպանության սուրբ գործին։ Այդ նույն Գեղամ Մանուկյանին խորհուրդ եմ տալիս, որ հետ գնա ժամանակի մեջ ու փորձի 1999 թվականին պատռել, օրինակ, Ստամբուլյան խարտիայի փաստաթուղթը, որպես այդպիսին, ինչո՞ւ չի պատռել ժամանակին, երբ իրենց առաջնորդը ստորագրում էր։ Որովհետև այն, ինչի մեջ ինքը մեղադրում է՝ ինչ-որ մի փաստաթղթի, ինչը որ չկա, այդ մեղադրանքների հիմնական թեզերն ամրագրված են Ստամբուլյան խարտիայով»,- ասաց պատգամավորը։

Երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀԱՊԿ-ի մասին, ասել է, որ ՀԱՊԿ-ի ոչ մի երկրի բանակ չի գալու մեր սահմանները պաշտպանի, միևնույն ժամանակ, սակայն, նույն Սեյրան Օհանյանը մշտապես դեմ է արտահայտվել ՀԱՊԿ-ից դուրս գալուն։ Այս առնչությամբ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ինքն ի սկզբանե էլ, երբ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը մտավ խորհրդարան, մի քանի անգամ առաջարկել է, որ իրենք փոխեն իրենց դաշինքի անունը։ «Որովհետև դե յուրե է այդ դաշինքի անունը «Հայաստան», բայց դե ֆակտո ավելի ճիշտ կլիներ, եթե լիներ, դիցուք, «ՀԱՊԿ» դաշինք, դիցուք՝ «ՕԴԿԲ» դաշինք, դիցուք՝ «Զատուլինի անվան հայրենակցական միություն» դաշինք, ու նման անուններ, բայց ոչ երբեք «Հայաստան»։ Որովհետև ակնհայտ է, որ թե՛ Սեյրան Օհանյանի, թե՛ այդ խմբակցության մյուս պատգամավորների համար առաջինը ոչ թե Հայաստանն է, այլ ՀԱՊԿ-ն է, գուցե և այլ անդամներ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ