«Մեդվեդևն Իսրայելին սպառնում է միջպետական հարաբերությունների փլուզմամբ». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.

«Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևն այսօր՝ ավելի վաղ, սպառնացել է Իսրայելին՝ Ռուսաստան-Իսրայել միջպետական հարաբերությունների փլուզմամբ։

Պատճառը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրանական արտադրության անօդաչու սարքերի զանգվածային կիրառման վերաբերյալ անհերքելի ապացույցների ի հայտ գալուց հետո Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարարի հայտարարությունն է այն մասին, թե ժամանակն է մտածել Ուկրաինային զենքի մատակարարումների մասին։

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևն Իսրայելին սպառնում է միջպետական հարաբերությունների փլուզմամբ։

Միայն հիշեցնեմ՝ Մեդվեդևն այն նախագահն է, ում օրոք 2010 թվականից սկսած, Ադրբեջանն սկսեց Ռուսաստանից ձեռք բերել միլիարդավոր դոլարների հասնող սպառազինություն, ում օրոք Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրեց հարձակողական սպառազինության և ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը Իսրայելից։

Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանին մատակարարվող զենքը որևէ կերպ չէր սասանում ՌԴ-Իսրայել հարաբերությունները, որևէ կերպ չէր շոշափում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները։ Արցախը, Հայաստանը ջախջախելու համար ձեռք բերվող իսրայելական մահաբեր զենքը չէր կործանում ՌԴ-Իսրայել հարաբերությունները։

Ամեն օր, Հայաստանի օրինակով, աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, թե ինչպիսի գործընկեր ու դաշնակից է Ռուսաստանը։ Ամեն Աստծո օր պետք է մատնացույց անել, թե որքան կործանարար հետևանքների են հանգեցնում Մոսկվայի հետ հարաբերությունները, այն էլ դաշնակցային»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ