«Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները, նաև բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել»․ ՄԻՊ

Ավելի քան 40 անձ է պնդում, որ իր հարազատը անհետ կորած է, սակայն այդ թիվը վերջնական չէ, քանի որ մարմինների նույնականացման գործընթացը շարունակվում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Մինչև սեպտեմբերի 13-ն էլ նա ներկայացրեց հոգեբանական տեռորի օրինակներ, ըստ որի՝ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր ուղղություններով, գիշերվա ժամերին, իրենց դիրքերից բնակելի տների պատուհաններին ուժեղ լույսեր են միացնում, կամ այրված անիվները բաց են թողնում դեպի գյուղեր, կամ գողանում են մարդկանց անասունները: Նա նշեց, որ այս ամենը արվում էր, որպեսզի մարդիկ դուրս գային իրենց տներից, և հող էին նախապատրաստում իրենց ագրեսիվ պատերազմի համար:

«Սա չի կարող լինել պատահականություն, դա ձեռագիր է, հրամանատարական մի կետից կարգավորվող կոնկրետ գործողությունների շարք»,- ասաց նա և նշեց, որ մեր գերիների նկատմամբ էլ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել, և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի օրինակների մասին պատմել են գրեթե բոլորը:

«Անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, վատ վերաբերմունքի է արժանացել, առանց ցավազրկողի միջամտություն է արվել՝ խոսքը վիրահատության, վերքերը կարելու մասին է, որոնք բժկական պրոտոկոլներով ենթակա են ցավազրկման»,- ասաց նա և նշեց, որ այս ամենը զեկույցում փակ անուններով կլինի:

Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող տեսանյութին՝ նա ասաց, որ սեպտեմբերի 13-ից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 20-ից ավելի ընտանիքներից դիմումներ է ստացել, որ սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում իրենց տղան է երևում գերեվարված։ «Կային դեպքեր, որ երկու տարբեր ընտանիքներ պնդում էին, թե նույն տեսանյութում իրենց տղային են տեսնում»,- ասաց նա և նշեց, որ ԿԽՄԿ–ն ասաց, որ Ադրբեջանը հաստատել է 17 գերիների փաստը:

«Մեզ վերադարձած դիերը փորձաքննության են ենթարկվում։ Կային դեպքեր, որ փորձաքննությունը փաստել էր` հայ զինծառայողի վիրավորումը մահացու չի եղել, սակայն նա մահացել է ներքին արյունահոսությունից։ Սա փաստում է, որ որոշները նաև խոշտանգումների են ենթարկվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ