Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն իսկ օկուպացված հատվածը. Մարուքյան

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արձանագրումներին:

«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են.

1. Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին՝ նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն իսկ օկուպացված հատվածը:

Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2022 թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։

2. Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»,- գրել է Մարուքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ