Ալիևը խոսել է քառակողմ հանդիպման արդյունքների մասին

Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումից հետո Ալիևը հանդիպման արդյունքների մասին խոսել է ադրբեջանական լրատվամիջոցների հետ։

«Ես հավատում եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը: Ես գնահատում եմ այս ուղղությամբ Շառլ Միշելի աշխատանքը։ Ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ անցկացվել են եռակողմ հանդիպումներ, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտենում խաղաղությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները ևս մեկ անգամ պետք է հանդիպեն։ Դրան հաջորդելու է երկու կողմերի աշխատանքային խմբերի հանդիպումն ու մի քանի օրում խաղաղության պայմանագրի տեքստի մշակումը։

Ալիևը տեղեկացրել է, որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են կարևոր հարցեր, իսկ այս հանդիպումը խաղաղության պայմանագրի մշակման հարցում կարևոր նշանակություն կունենա:

«Այդուհանդերձ, շփումները շարունակվում են: Մենք պայմանավորվել ենք ընթրիքից հետո նորից հանդիպել բոլորով: Խաղաղության գործընթացն արդեն խթան է ստացել»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ