«Ռուսաստանի հետ մենք արյունատար անոթներով ենք կապված, պետք է ավելի խորացնել հարաբերությունները». Արմեն Խաչատրյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ»-ին: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

— Պարոն Խաչատրյան, այսօր Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ: Հայ հասարակությունն ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա այս հանդիպումներից: Սահմանային լարվածության վրա ազդող որևէ պայմանավորվածություն հնարավո՞ր է ձեռք բերվի:

— Եթե գնում ես որևէ հանդիպման, պետք է ակնկալիք ունենաս որևէ փոփոխության: Եթե համոզմունք լիներ, որ այս հանդիպումները որևէ էական փոփոխություն մեր երկրում տիրող իրավիճակի վրա չէին ունենա, դրանք ի սկզբանե տեղի չէին էլ ունենա: Հետևաբար, ՀՀ վարչապետի հանդիպումները շատ կարևոր են, և ակնկալում ենք, որ դրանք կունենան իրենց դրական ազդեցությունը սահմանային իրավիճակի վրա: Հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ կամրապնդվի հայկական կողմի դիրքորոշումը, և հետագա աշխատանքների համար ավելի ամուր հիմքեր կդրվեն:

— Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ի իր ելույթում ևս մեկ անգամ հստակ ընդգծեց՝ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ: Սակայն այդ օրակարգի ճանապարհին մենք մի շարք խոչընդոտների ենք բախվում, որոնցից մեկն էլ հարևան Ադրբեջանի սադրիչ գործողություններն են: Կարծում եք՝ Ադրբեջանի նման երկրի հետ խաղաղության օրակարգով առաջնորդվելը մեզ կհաջողվի՞:

— Խաղաղության օրակարգով գնալ դեռ չի նշանակում խաղաղություն մուրալ: Պետք է ստեղծել այնպիսի ռազմաքաղաքական իրավիճակներ, որ Ադրբեջանը ստիպված գնա այդ խաղաղությանը: Մենք տեսնում ենք, որ նա ամեն կերպ փորձում է սադրել և վիժեցնել խաղաղ գործընթացները, և դրան դիմակայելու միջոցներից մեկը դիվանագիտական աշխատանքն է:

— Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանին ստիպված խաղաղության տանելու ճանապարհին մեր երկիրը հնարավոր է կրկին անցնի պատերազմի միջով:

— Այս պահին որևէ բան բացառելը, կարծում եմ, իմ կողմից ճիշտ չի լինի: Բայց ցանկանում եմ շեշտել, որ ՀՀ իշխանություններն ամեն ջանք գործադրում են, որպեսզի ռազմական ճանապարհով այլևս հարցեր չլուծվեն, այլ այդ հարցերի լուծման ուղղին լինի մեկը՝ դիվանագիտական աշխատանքը: Եվ Հայաստանի այդ ջանքերին միացել են բոլորիս հայտնի մի շարք այլ երկրներ: Մենք միահամուռ ուժերով փորձում ենք հասնել այն ցանկալի արդյունքին, որին ձգտում ենք:

— Ձեր նշած բոլորիս հայտնի պետությունների հետ սերտ համագործակցությունը Հայաստանում բուռն արձագանք է ստացել: Քաղհասարակությունը բաժանվել է, այսպես ասած, արևմտամետների և ռուսամետների: Որոշները կարծում են՝ Հայաստանի փրկությունը Արևմուտքն է, որոշներն էլ պնդում՝ ՀՀ-ի դաշնակիցը միայն ու միայն Ռուսաստանի Դաշնությունն է: Որպես իշխող խմբակցության պատգամավոր՝ Ձեր դիրքորոշումը ո՞րն է:

— Քաղաքականության մեջ միանշանակ չի կարելի ասել՝ այս երկրի հետ պետք է դաշնակից լինել, իսկ այս մյուսի հետ՝ ոչ: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն: Մենք արյունատար անոթներով ենք կապված: Կարծում եմ՝ պետք է ավելի խորացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀՀ-ն կառույցից չի ստացել ակնկալիքները, որոնք մենք ունեինք: ՀԱՊԿ-ն ակնառու կերպով չի կատարում իր առջև դրված պարտականությունները, և մենք կառույցին հարցադրումներ ենք արել այս մասով, հուսով ենք՝ կստանանք սպառիչ պատասխաններ: Ընդհանրապես պետք է կարողանալ բոլոր երկրների հետ համագործակցել: Մենք տեսնում ենք, որ այդ համագործակցությունները տալիս են իրենց պտուղները: Օրինակ՝ մենք հրադադարի ռեժիմ ունեցանք, երբ ԱՄՆ-ը իր մասնակցությունն ունեցավ այս գործընթացին, երկու օր առաջ էլ մեր գերիները վերադարձան հայրենիք, կրկին ԱՄՆ-ի ջանքերով:

— Այսօր աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի Դաշնության դեմ: Մենք դեռևս չեզոք դիրքում ենք գտնվում, բայց այսպիսի ոչ կայուն ժամանակաշրջանում հնարավո՞ր է երկար պահել այդ չեզոքությունը, թե՞ գալու է ժամանակ, երբ ՀՀ-ն էլ է ընտրության առջև կանգնելու:

— Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ կարող ենք հասկանալ, որ ամբողջ աշխարհին բավականին ծանր իրավիճակ ու ժամանակաշրջան է սպասվում: Հայաստանը պետք է շատ զգուշորեն պաշտպանի իր պետականությունն ու շահը: Հատկապես դիվանագիտական ճանապարհով ՀՀ-ն շատ նուրբ պետք է գործի: Դա, իհարկե, հեշտ չէ, մանավանդ, որ հիմա Հայաստանը հայտնվել է մի շարք երկրների շահերի կիզակետում: Բայց, կարծում եմ, մեր դիվանագիտական կորպուսին կհաջողվի լուծել իր առջև դրված խնդիրները:

— Դիվանագիտական կորպուսի աշխատանքն այս օրերին ինչպե՞ս եք գնահատում: Պնդումներ կան, թե անփորձ քաղաքական գործիչներն են բանակցում ՀՀ-ի անունից, ժամանակին բավականին բուռն ընդունվեց և քննարկվեց Ռուբեն Ռուբենյանի ընտրությունը Թուրքիայի հետ բանակցություններում որպես մեր բանագնաց:

— Ցանկացած դիվանագետի հնարավորություն պայմանավորված է իր երկրի հնարավորություններով ու ռեսուրսներով, ինչպես նաև զբաղեցրած աշխարհաքաղաքական դիրքով: Դիվանագետը չի կարող անել ավելի շատ, քան իր երկրի հնարավորություններն են: Մենք այսօր ունենք ուժերի հարաբերակցության խիստ խախտում: Ադրբեջանի պաշտպանական ռեսուրսներն անհամեմատ ավելի շատ են, քան Հայաստանինը: Էլ չասեմ, որ Ադրբեջանն ունի Թուրքիայի նման դաշնակից: Մեր դիվանագետները փորձում են երկրի ունեցած ռեսուրսների սահմաններում պաշտպանել ՀՀ-ի սահմանները: Դիվանագետի աշխատանքն այն է, որ չեզոքացնի բոլոր այն հարցերը, որոնք պետք է հասնեն զինվորի լուծմանը: Դիվանագետը պետք է ամեն բան անի, որ զինվորը ոչ մի հարց զենքով չլուծի: Կարծում եմ՝ մեր դիվանագետներն այսօր փայլուն են իրականացնում իրենց առջև ծառայած խնդիրները՝ ի դեմս Արարատ Միրզոյանի:

— Ասում եք՝ դիվանագետները փայլուն են իրականացնում իրենց առջև ծառայած խնդիրները, սակայն սույն թվականի սեպտեմբերի 13-ին բանը հասավ նրան, որ զինվորը կրկին զենքով սկսեց հարց լուծել: Ամեն դեպքում, բացեր առկա՞ են:

— Թերացում է այն, որ մեր հարևանը Ադրբեջանն է: Օբյեկտիվ պայմաններ կան, որ մեր կամքից ու գիտակցությունից անկախ են: Եթե միշտ այդպես լիներ, որ դիվանագետները կարողանային բոլոր հարցերը լուծել, որևէ երկիր բանակ չէր ունենա: Բոլոր երկրներն էլ ունեն բանակ ու գիտեն, որ եթե սպառվում են դիվանագիտական մեթոդները, ապա ստիպված ռազմի դաշտում են հարցերը լուծվում: Հույսը միայն դիվանագիտական կորպուսի վրա դնել պետք չէ, բայց վստահեցնում եմ՝ նրանք ամեն հնարավորն անում են:

— Դուք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն եք: Տեղյակ եք բանակի ներսում տեղի ունեցող փոփոխություններից, խնդիրներից: 44-օրյա պատերազմից հետո Զինված ուժերը արված սխալներից «դասեր քաղե՞լ է»: Ինչո՞ւ է սեպտեմբերի 13-ի սադրիչ գործողություններից հետո կրկին խոսվում այն մասին, որ բանակը բահ, քլունգ, սարքավորումներ ու անհրաժեշտ իրեր չունի:

— Սեպտեմբերի 13-ին բանակը գործել է շատ պրոֆեսիոնալ և հմուտ: Նրանց գործողությունները տարբերվել են նախկինում արված բոլոր մարտական գործողություններից: Սակայն գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հետ համեմատ մենք ունենք սակավ ռեսուրսներ՝ թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական: Բայց այդ պայմաններում էլ բանակը կարողացել է դիմակայել թշնամուն և նրանց լուրջ կորուստներ պատճառել: Իսկ ինչ վերաբերում է բահ-քլունգ կամ այլ իրեր չունենալուն, այո՛, իրավիճակներ են առաջանում, երբ քլունգ կարող է և չլինել: Դիրքեր են գրավվում, դիրքային փոփոխություններ են լինում, երբեմն քաոս է տիրում պատերազմական գործողությունների ընթացքում: Նման խնդիրները, երբ առաջանում են, շատ կարճ են տևում, քանի որ ՊՆ-ն դրանք արագ լուծում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ