«Դատական համակարգի բարեփոխումները պետք է իրենց տրամաբանական ավարտին հասնեն». Խ Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանի այն շեշտադրմանը, թե դատարանը պետք է լինի անկախ՝ նշելով, որ պետք չէ այդ ձևակերպումը դատարանի դեպքում օգտագործել։ ԲԴԽ-ն պետք է անկախ լինի գործադիրից և օրենսդիրից, սակայն դատարանը պետք է արդար լինի, ոչ թե անկախ․

«Պետք է լինեն համակարգային փոփոխություններ, իսկ բարեփոխումները պետք է իրենց տրամաբանական ավարտին հասնեն։ Տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե դատավորները ինչ գործեր են քննել, ինչպես և ինչ որոշումներ են կայացրել․ սա կարելի է մոնիթորինգ անել։

Դատարանը որոշում է կայացրել՝ այս կազմակերպությունը չաշխատի, չունենա ինչ-որ բաներ, իսկ դիմացի կազմակերպությունը աշխատի ու ունենա։ Սա խայտառակություն է, այսպիսի դատարանով չի կարող պետություն գոյատևել։ Ես ուզում եմ՝ Դուք լինեք անկախ, իսկ դատարանները լինեն արդար։ Ես կարծում եմ՝ քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինի կանգնել ձեր ու համակարգի կողքին, որ այդ բարեփոխումները մինչև վերջ իրականացվեն»,- նշեց Սուքիասյանը։

Դիտարկմանը ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանը շեշտեց, որ անկախ և արդար դատարանների հետ կապված՝ սա շատ ճիշտ դիտարկում է։ «Անկախությունը մի պահ դարձավ անկախություն օրենքից, անկախություն արդարությունից ու տրամաբանությունից․ հեղափոխություն լինելու հիմքերից մեկն էլ հենց դատական համակարգում անարդարություններն էին»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ «մարդիկ, որոնք դատավորի պատմուճանի մեջ էին, իրենց դատավոր անվանելն ինձ համար արդար չի, լսեցին, որ դատարանը պետք է լինի անկախ, և իրենք իրենց անկախացրեցին թվարկած ամեն ինչից՝ տրամաբանությունից մինչև օրենք։ Ամենասարսափելին այն էր, որ անկախությունը վերջանում էր միայն Բաղրամյան 26-ի մատույցներում»,- շեշտեց Անդրեասյանը։

Նա նաև ավելացրեց, որ հիմա էլ դատավորներն անկախ են քաղաքական իշխանությունից․ կան շատ արդարներ և լավ դատավորներ, որոնք պահում են օրենքի տառը և իրանվունքի ոգին, սակայն մի քանիսը շարունակում են կախված մնալ իրենց անձնական շահերից, նախկին կապերից և միգուցե Բաղրամյան 26-ի կարոտախտից։ «Մենք բոլորս այս տրամաբանությունից ուզում ենք փրկել դատական համակարգը։ Մեր ուժեղ, երազած պետությունը չպետք է ունենա նույնիսկ այսօրվա արդեն ահագին բուժված դատական համակարգից։ Հուսով եմ՝ ձեր ակնկալիքները կարդարցվեն այս հարցում»,- եզրափակեց Կարեն Ադրեասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ