Հնդկաստանը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հաստատեց Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության մասին փոխըմբռնման հուշագիրը: Հուշագիրը ստորագրվել է 2022թ. հուլիսի 4-ին:

Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 478.2723 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհային աջակցություն:

Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է գլխավորապես վերաբերեն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարելավմանն ուղղված աջակցությանը, կանանց կարողությունների զարգացմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը և համայնքային կյանքի դյուրացմանը, մասնավորապես, բժշկական կրթության, կրթության, հասարակության առանձին թիրախային խմբերում ներառականությունն ապահովող և թվային հմտություններն ու կիբեռանվտանգությունը զարգացնող կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, միկրոոռոգման, վերականգնվող էներգիայի, առևտրի, տրանսպորտի ու հաղորդակցության և Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներում ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ