«3 տարի առաջ տեղի ունեցածն աննախադեպ էր …». Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի հայրենակիցնե՛ր.
Ուղիղ 3 տարի առաջ այս օրն արցախյան ճակատի գրեթե ողջ երկայնքով ընթանում էին թեժ մարտեր: Իմ խորին համոզմամբ, տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան կարճատև պատերազմ, որի ընթացքում Բաքուն փորձ կատարեց շեշտակի հարվածով իրականացնել բլից-կրիգ և հասնել հաջողության՝ այդ կերպ մտադիր լինելով զենքի միջոցով լուծել արցախյան հակամարտությունը: Այս մտադրությունն, իհարկե, շնորհիվ մեր Զինված ուժերի պատրաստվածության, մեր մարտիկների անձնազոհ դիմադրության՝ վիժեցվեց: Հիմա՝ 3 տարի անց, մենք պետք է վերաիմաստավորենք այն, ինչ տեղի ունեցավ, հասկանանք մեր բացթողումներն ու առավելությունները, վերլուծենք իրականությունն ու հաստատակամ նայենք դեպի ապագա, որի հաջողությունը կախված է նախ և առաջ հենց մեզնից, և, որն ամենակարևորն է, մեր զինական ուժի պատրաստվածությունից:3 տարի առաջ տեղի ունեցածն աննախադեպ էր 90-ականների հաղթական պատերազմից հետո:

Եվս մեկ անգամ հաստատապես կարելի է պնդել, որ տեղի ունեցած պատերազմը ոչ միայն հողային՝ տարածքներ ձեռքբերելու համար էր, այլ կրում էր շատ ավելի կարևոր՝ համամարդկային ու քաղաքակրթական առաքելություն: Մեր տղաներն այդ օրերին խրամատներում պաշտպանեցին ոչ միայն մեր հայրենի հողը, մեր օջախները, մայրերին ու քույրերին, այլև կանխեցին հերթական հնարավոր ցեղասպանությունը, որ առանց մի վայրկյան կասկածի տեղի կունենար, եթե ադրբեջանական հրոսակները հասնեին հաջողության: Այդ օրերին հայ մարտիկները պաշտպանեցին համամարդկային արժեքները՝ սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքը, այն բոլոր իդեալներն ու գաղափարները, որ դրվեցին Անկախության և ազատության համար մեր ժողովրդի մղած պայքարի հիմքում: Հասնելով ընդամենը Թալիշ գյուղի ծայրամաս՝ թշնամին անմիջապես դաժան հաշվեհարդար տեսավ այնտեղ բնակվող անպաշտպան ծերունիների հետ: Նրանք գլխատեցին հայ զինվորին և սկսեցին ի լուր աշխարհի հպարտանալ իրենց վայրենությամբ: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչեր տեղի կունենար, եթե նրանք հասնեին ավելի մեծ հաջողության:


Եկել է ժամանակը ևս մեկ անգամ արձանագրելու, որ սահմանին կանգնած մեր զինվորը ոչ միայն իրականացնում է մարտական հերթապահություն, այլ այն կենդանի պատն է, այն ամենակարող հսկողը, որ անձնվիրաբար, իր կյանքի շնորհիվ պաշտպանում, պահպանում այն բարձր արժեքները, որոնց շնորհիվ մենք կանք ու հայ ենք կոչվում:
Հայաստանն ու Արցախը երբեք չեն ցանկացել պատերազմ: Արյունը, մարդկային զոհերը մեզ երբեք ուրախություն չեն պատճառել՝ այդպիսին է մեր բնույթը, այդպիսինն է Հայը: Բայց դրա հետ մեկտեղ մենք նաև 90-ականներից սկսյալ չենք երկնչել և անհրաժեշտության դեպքում էլ մեկ վայրկյան անգամ չենք մտածի՝ պաշտպան կանգնելու մեր հող հայրենիին, մեր քույրերի, կանանց և մայրերի ապրելու իրավունքին: Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև կռվից խուսափողը չենք:


Սիրելի հայրենակիցնե՛ր, խաղաղությանը հասնելու, իսկ անհրաժեշտության դեպքում այն պարտադրելու միակ ճանապարհն ամեն օր ավելի ու ավելի կատարյալ Զինված Ուժեր ունենալն է: Սրան է միտված նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ամենօրյա աշխատանքը, որի իրականացման համար մենք պատրաստ ենք գործակցել բոլոր կարող մարդկանց հետ, լսել նրանց կարծիքներն ու, անհրաժեշտության դեպքում, որդեգրել դրանք:


Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների շիրիմների, նրանց ծնած ու Հայրենիքին նվիրած մայրերի առջև՝ դուք մեզ համար բացարձակ արժեք եք: Մենք ևս մեկ անգամ ուխտ ենք անում, որ տղաների արյունը զուր տեղը չի հոսել, նրանց երիտասարդ կյանքը զուր տեղը չի ընդհատվել: Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք՝ հայը զոհվեց, որ հայը ապրի… Այս բանաձևը մեզ պարտադրված է, բայց այս բանաձևում մենք հաղթող ենք դուրս գալու:


Կեցցե՛ Հայաստանն ու Արցախը
Կեցցե՛ն մեր Զինված Ուժերը
Քրիստոս զորավիգ հայ զինվորին ու բովանդակ հայ ժողովրդին

Սիրելի հայրենակիցնե՛ր.Ուղիղ 3 տարի առաջ այս օրն արցախյան ճակատի գրեթե ողջ երկայնքով ընթանում էին թեժ մարտեր: Իմ խորին…

Posted by Անդրանիկ Քոչարյան Andranik Kocharyan on Monday, April 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ