«Մենք, կարելի է ասել, հասել ենք մեր նպատակներին».Ռ.Քոչարյանի դիտարկմամբ՝ «Դիմադրություն» շարժումը անհաջողություն չի ունեցել

«Հիմա աշխատանք է տարվում, թե ինչ կարող ենք անել, որ ընդդիմադիր շարժման նոր աճի կետերը գտնենք»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Խորհրդարանում հիմա մասնակի բոյկոտ է, տեսնում եք, որ որոշ խորհրդարանական գործիքակազմն ընդդիմության կողմից օգտագործվում է։ Մենք չենք ուզում ալիք սկսել, որը կհիասթափեցնի մեր ժողովրդին։

Մենք գիտակցում ենք, որ «Դիմադրություն» շարժման ծավալը բավարար չէ։ Կա՛մ պետք է նոր ուժեր և նոր մարդիկ ներգրավվեն այս պրոցեսի մեջ, կա՛մ պետք է չանել քայլեր, որոնք ի սկզբանե դատապարտված են լինելու անհաջողության»,- նշեց Քոչարյանը։ Երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ «Դիմադրություն» շարժումը անհաջողություն չի ունեցել․ «Այդ շարժումը չի սկսվել իշխանափոխության պահանջով, սկսվել է նշաձողը իջեցնելու թեզը խորհրդարանում հնչեցնելուց հետո։ Ես համոզված եմ, որ այդ թղթերը ստորագրված կլինեին արդեն, եթե չլիներ «Դիմադրություն» շարժումը։ Ես չեմ համարում, որ մենք այնպիսի նշաձող էինք մեզ համար դրել, որին չէինք հասել։ Ինչի համար սկսել ենք, այդ նպատակին, կարելի է ասել, հասել ենք։ Այն վիճակն է, որ ուրիշ նպատակ պետք է դնել»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։ Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ