Շոկի մեջ ենք, ուշքի չենք գալիս․ երեկ գտնված զինծառայողի հարազատները դեռ չեն հանդիպել տղայի հետ

Սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող և երեկ հայտնաբերված շարքային Սամվել Անթանյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում, ուստի նրան հոսպիտալում պահելու և ստացիոնար բուժում նշանակելու անհրաժեշտություն ևս չի առաջացել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ըստ մեր ունեցած տվյալների՝ Սամվելն այժմ զորամասում է գտնվում, նրա գտնվելու ստույգ վայրի, ինչպես նաև հայտնաբերման վայրի մասին տեղեկություններ ՊՆ-ն նպատակահարմար չի համարում հրապարակել՝ ելնելով անվտանգությունից։

Մենք կապ հաստատեց նաև ժամկետային զինծառայողի հարազատների հետ։ Վերջինիս հորեղբոր կինը՝ Սաթենիկ Մինասյանը, հայտնեց, որ երեկ՝ ժամը 17։00-ի մոտակայքում են իմացել Սամվելի գտնվելու մասին։

«Թե՛ հայրն ու մայրը, թե՛ մենք և մյուս հարազատները դեռ շոկի մեջ ենք։ Այսքան օր անց անսպասելի իմանալ այդ լուրը, չեք պատկերացնի, թե ինչ է մեզ համար։ Մինչև Սամվելին մեր աչքով չտեսնենք, հետը չխոսենք, ոչինչ ասել չենք կարող։ Մենք անգամ հստակ չգիտենք, թե ինչ վիճակում են իրեն գտել ու ինչպես է»,- ասաց տիկինը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից, անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը:

Նշենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մոտ 40 անհետ կորած զինծառայողների, այդ թվում՝ Սամվել Անթանյանի հարազատները երեկ ՊՆ-ի դիմաց հավաքվել և պահանջել էին տեղեկություններ հայտնել իրենց զինծառայողների գտնվելու վայրի մասին: Նրա հորեղբայրը ասել էր, որ սեպտեմբերի 13-ից ծնողները Ներքին Հանդում ծառայող Սամվել Անթանյանից ոչ մի լուր չունեն։ Հորեղբոր խոսքով՝ նա երկու ամսվա զինծառայող է և մարտական դիրքեր է գնացել սեպտեմբերի 12-ի գիշերը՝ շինարարական աշխատանք կատարելու նպատակով, այնուհետև կապը Սամվելի և մի շարք այլ զինծառայողների հետ կորել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ