Տիկին Նաիրան Շենգավիթ վարչական շրջանի թիվ 140 մանկապարտեզի խոհարարն է։ Այսօր՝ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի օրը, աշխատանքի էր եկել, կապել գոգնոցն ու հոգում էր հայրենիքի ապագա պաշտպանների նախաճաշի հարցերը։ Խոշոր, բաց կապույտ աչքերը այսօր կարմրել են արցունքներից, որոնք, ցավոք, կսկիծի ու անդառնալի կորստի արցունքներ են։ Միակ զավակին՝ Սարգիս Ծատուրյանին, որը նույն մանկապարտեզի սաներից է եղել, տիկին Նաիրան կորցրել է 44-օրյա պատերազմի օրերին։ Կես դրույքով է աշխատում, պատերազմից հետո կոլեգաների խնդրանքով է վերադարձել աշխատանքի, քանի որ «մի ամբողջ մանկապարտեզ իր եփած ճաշերին է սպասում»։
Սարգիսը, ինչպես մայրն է ասում, սուրբ օր է ծնվել՝ փետրվարի 14-ին, ձեռքին գմբեթի նշանով։ «Մտածում էի՝ Աստծու նշանն է կրում, ուրեմն Աստված կպահի։ Պահեց 19 տարի։ Աստված ինձանից շատ սիրեց իմ բալին»,- ասում է նա։ Սարգիսի անունը չի իջնում մոր շուրթերից, անդադար հոսող արցունքների միջից մեկ էլ դեմքը լուսավորում է կիսաժպիտն ու անդադար պատմում է որդու կարճատև կյանքի դրվագներից՝ մանկությունից, դպրոցական տարիներից, բուհ ընդունվելուց, բանակ զորակոչվելուց, կարգապահ ծառայությունից, երազանքներից, պլաններից ու կյանքի վերջին օրերին իր հետ ունեցած հեռախոսազրույցից… Ասել էր․ «Մամ ջան, քեզ լավ կնայես ու հանկարծ չլացես։ Զգում էր, որ մահը մոտ է,- ասում է մայրն ու հավելում.- Երևի այդ պատճառով է, որ Սարգիսս շտապում էր ապրել»։
Տիկին Նաիրան որդեկորույս մայր է, բայց համաձայն չէ իրեն ու հանուն հայրենիքի որդի կորցրած մյուս մայրերին տրված կարգավիճակի հետ, իրենք հերոսածի՛ն մայրեր են։ Այդ կարգավիճակն ավելի է պատշաճում իրենց։ Սարգիսի մայրը նաև մի քիչ նեղվում է այն հանգամանքից, որ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած ոչ բոլոր հերոսներն են հիշվում ու մեծարվում։ «Բոլորն են հերոս, չի կարելի մեկին անընդհատ համացանցում ու լրատվամիջոցներում մեծարել, մյուսին՝ անտեսել»,- ասում է տիկին Նաիրան ու համաձայնում այն մտքին, որ հերոսներն ապրում են, եթե նրանց հիշում են։ «Ես որ ասում եմ՝ վիզս ծուռ եմ ման գալիս, ինձ ասում են՝ չէ՜, դու հպարտացի, որ նման տղա ես ունեցել։ Սարգիսիս ընկերները, որ մեկ-մեկ գալիս են, ասում են՝ ինքը մեր ուրախությունն էր, մաքուր էր ու շատ ազնիվ։ Իր մասին միայն ուրախ սրտով պիտի հիշել»,- ասում է տիկին Նաիրան։
«Սարգիսը սկզբում ծառայել է Արմավիրում, 2020 թվականի հունվարի 9-ին սերժանտի կոչումով գնաց Արցախ՝ Կուբաթլու։ Մեկ տարի 4 ամսվա ծառայող էր, որ պատերազմը սկսվեց։ Սկզբից տարել են Ջաբրաիլ։ Պատերազմից մի քանի օր հետո զանգեց, ասեց՝ մամա, «Գ»-ում եմ՝ Գորիսում։ Հազիվ եկել, հարթ տեղում ենք քնում, եթե էստեղ մնանք, ցենտր կլինի։ Ասաց՝ երկու անգամ փրկվել եմ մահից, երրորդ անգամ չգիտեմ՝ Աստված կպահի՞, թե՞ չէ։ Պատմում էր, որ անտառներում են եղել, ջրերի մեջ, գետնին, ընկերներով փաթաթված քնել են, խոնավությունից երիկամները սկսել են ցավալ։ Շրջափակումից փրկվել, փախել, մանկապարտեզներից մեկի պադվալում են պատսպարվել։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է նաև հրամանատարը՝ Բուռնուսուդյանը, հետո նրան փոխարինող ինչ-որ մեկը եկել, գտել է Սարգիսին և մնացած փրկվածներին, շարել է ու ասել՝ նորից տանում ենք Ջաբրաիլ։ Սարգիսս ասել է՝ մեզ մի տարեք մսաղացի բերան, հազիվ ենք փրկվել։ Բայց ոչ, տարել են։ Այդ օրը երեկոյան զանգել է մարտական ընկերներից մեկին ու ասել՝ եթե լուսացնենք, լավ է, բայց լույսը չի բացվել Սարգիսիս ու ևս 12 հոգու համար։ ԱԹՍ-ի հարվածից զոհվել են։ Դեպքը տեղի է ունեցել Ջաբրաիլ-Խնձորեսկ «կոլցևոյի» տարածքում։ Ասում են՝ դա մի տարածք է, որտեղ համեմատաբար հանդարտ է եղել, բայց, փաստորեն, ո՛չ էդ օրը։ Երեք մտերիմ ընկերներ՝ ինքը, Միսակն ու Ժոռը, միասին զոհվել են… Ողջ մնացած ընկերները պատմում են, թե ինչպես է Սարգիսս, որը հաղթանդամ, պինդ տղա էր, ուսին դրած դեպի շտապօգնության մեքենա տեղափոխել իր վիրավոր մարտական ընկերներին, զոհվածներին՝ նույնպես։ Ասել է՝ թողե՛ք, ես առաջ կգնամ, ես կանեմ… Ասել է՝ զոհվածների մարմինները փրկենք, որ նրանց մամաները գոնե մահացած, բայց… ստանան իրենց երեխաներին»,- հեկեկալով պատմում է տիկին Նաիրան ու հավելում՝ որդուս մարմինն էլ ի՛ր մամային հասավ, զոհվելու հաջորդ օրը. «Ով որ տարել է, նա էլ բերել է մարմինը՝ ինչ-որ Խաչատրյան։ Ասում են՝ ինքն է երեխաներին ստիպելով տարել մսաղացի բերան։ Այս Խաչատրյանը, որի անունը չեմ մտաբերում, Սարգիսիս զոհվելուց հետո եկել է մեր տուն, ես իրեն չեմ ընդունել, ասել եմ՝ իմ տուն ոտք չդնի։ Ասում են, որ երբ հրամանատարը զոհվել է, ինքն է եղել զինվորների պատասխանատուն։ Այդ Խաչատրյանը հանդիպել է նաև Սարգիսիս հոր հետ ու ասել է, թե ինքը մեղավոր չէ»։ Սարգիսը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ «Մեդալը զոհվելուց մի քանի ամիս հետո՝ գարնանը բերեցին։ Ասացի՝ մենք մեր որդիներին ուղարկեցինք, նրանց փոխարեն մեդալներ ստացանք։ Երանի մեր որդիները ողջ-առողջ վերադառնային, թող որ առանց մեդալի։ Էս ի՜նչ ընտիր սերունդ էր, մեկը մեկից ընտիր երեխեք»։ Սարգիսի մարմինը ամփոփված է Կարմիր բլուրի գերեզմանատանը, մայրն է ցանկացել, որ որդին հուղարկավորվի ոչ թե «Եռաբլուր»-ում, այլ իր մայրական պապի կողքին։
Տիկին Նաիրան ներկա չի գտնվում որդեկորույս մյուս ծնողների մասնակցությամբ ակցիաներին, հեռակա կարգով կիսում է նրանց կորստյան ցավն ու է՛լ ավելի մեծ ցավ է ապրում, երբ մտածում-պատկերացնում է, որ այդ կարգավիճակի անձանց վիշտը ինչ-որ շահագրգիռ խմբեր կարող են շահարկել ու էժանացնել։ Խիստ վրդովվել է սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպից, զոհվածներ ծնողների հանդեպ ոստիկանության ցուցաբերած պահվածքից։ «Դա դաժանություն էր, նման բան այլևս չպետք է թույլ տալ»,- ասում է նա։
Մի քանի անգամ մասնակցել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կազմակերպված՝ որդեկորույս ծնողների հետ վարչական շրջանի ղեկավարի հանդիպմանը։ «Այդ հանդիպումներից մեկի ժամանակ հարց տվեց վարչական ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ ինչի՞ կարիք ունեն ծնողները, ինչո՞վ կարող է օգնել։ Ես ասացի՝ ոչ մի բանի կարիք, ես իմ որդուն եմ ուզում, բայց քանի որ դա հնարավոր չէ, ուզում եմ իմ որդուն մեծարելու համար խաչքար տեղադրել մեր շենքի բակում։ Իմ խնդրանքը չմերժվեց, թույլտվություն ստացա, ու խաչքարը անցյալ տարի տեղադրվեց, հարգանքով եկան, մասնակցեցին»։
Տիկին Նաիրային հարցնում եմ՝ չի՞ ուզում նորից երեխա ունենալ, ինչպես հերոսածին մայրերից շատերը։ Կսկծալով պատասխանում է՝ տարիներ առաջ վիրահատվել է, և իր օրգանիզմն այլևս չի կարող մայրանալ։ Պատմում է, որ որդին հաղորդակցվում է իր հետ երազների միջոցով, բայց ոչ թե իր երազում է այցելում, այլ իր հարազատ-բարեկամների. «Ասում են, որ Սարգիսս ուրախ դեմքով է միշտ, կանաչ դաշտում, ասում է, որ ինքը լավ տան մեջ է ապրում, ու խնդրում է հաղորդել, որ դադարեմ լաց լինել, քանի որ ինքն իրեն վատ է զգում»։
Երբ դադարեք լաց լինել, գուցե Սարգիսը ձեզ է՞լ այցելի երազում՝ առաջարկում եմ տիկին Նաիրային։ Արցունքները մի պահ սառում են աչքերում, ու նորից կիսաժիտն է հայտնվում դեմքին։ «Միգուցե։ Դժվար է, բայց կփորձեմ չլացել»։