ԱՄՆ դեսպանատունը չի խստացրել ՀՀ սահմանամերձ տարածքներում ուղևորությունների սահմնափակումները․ FIP

Սոցցանցերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին արգելում է այցելել Հայաստանի որոշակի տարածքեր:

Իրականում, ԱՄՆ դեսպանատան տարածած անվտանգության զգուշացումն (security alert) ըստ էութան սեպտեմբերի 13-ին ՀՀ դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի կապակցությամբ կատարված զգուշացման թարմացումն է՝ ավելի մեղմ և ավելի հակիրճ ձեւակերպումներով:

Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ դեսպանատան երկու՝ սեպտեմբերի 13-ի և սեպտեմբերի 23-ի հայտարարությունների բառացի թարգանությունները (հիմնական տարբերություններն ընդգծված են):

Սեպտեմբերի 13

«Տեղական մեդիան և պաշտոնյաները տեղեկացնում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին, այդ թվում՝ Արտանիշի, Գորիսի, Իշխանասարի, Ջերմուկի, Կապանի, Սոթքի և Վարդենիսի մոտակայքում հարձակումների մասին: Տեղեկություններ կան նաև քաղաքացիական ենթակառույցների դեմ հարձակման մասին: Այս ռազմական գործողությունների կապակցությամբ, Երևանում ԱՄՆ դեսպանատունը ծանուցում է ԱՄՆ քաղաքացիներին այն մասին, որ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այժմ արգելվում են ճամփորդությունները դեպի հետևյալ վայրեր.
Տավուշի մարզ՝ M4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս եւ արևելք ընկած բոլոր տարածքները:
Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք:
Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց դեպի արեւելք:
Արարատի մարզի Երասխ գյուղ:
Վայց Ձորի մարզ:
Սյունիքի մարզ:
Որպես հիշեցում՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունը եւս արգելված է: ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն դրսեւորել Հայաստանի եւ Ադրբեջանի ամբողջ միջազգային սահմանի մոտակայքում և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ճամփորդելուց: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին ԼՂ-ում և նրա մերձակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է:
ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հետևել անվտանգությանը վերաբերող իրադրությանը և լրացուցիչ տեղեկություն կտրամադրի ըստ անհրաժեշտության»:

Սեպտեմբերի 23

«Ուժեղացված զգոնություն դրսևորեք Հայաստանում՝ ռազմական հակամարտության կապակցությամբ: Որոշ շրջաններ ավելի բարձր ռիսկի տակ են: Կարդացեք ամբողջ ճամփորդական բյուլետենը:

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանկան սահմանի հայկական կողմում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքերին արգելվում է առանց լուրջ պատճառների ճամփորդել հետևյալ ուղղություններով:

Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արեւելք:
Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ եւ M10 մայրուղուց դեպի արևելք:
Արարատի մարզի Երասխ գյուղ:
Վայց Ձորի մարզ:
Սյունիքի մարզ:
Լեռնային Ղարաբաղ ճամփորդությունը շարունակում է մնալ արգելված»:

Այսպիսով, ԱՄՆ դեսպանատան՝ սեպտեմբերի 23-ին տարածած անվտանգության ծանուցումը սեպտեմբերի 13-ի ծանուցման հակիրճ և որոշակիորեն մեղմացված տարբերակն է, վերաբերում է միայն ԱՄՆ դեպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև, շեշտվում է, որ արգելվում է ճամփորդությունը առանց լուրջ պատճառների, ի տարբերություն սեպտեմբերի 13-ի հայտարարության, որտեղ նման վերապահում չէր արվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ