Նիկոլ Փաշինյանի ուժգին ուղերձը Նյու Յորքից

Lragir.am-ը գրում է

Փաշինյանը Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, խոսելով Վիեննայի հանդիպման մասին: Հայաստանի վարչապետն Արցախի նախագահի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Վիեննա մեկնելուց առաջ:

Մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում կողմերն անդրադարձել են նաեւ մարտի 12-ին Սեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհուրդների համատեղ նիստին եւ դրանում կայացրած որոշումներին, դրանց կատարմանը:

Վիեննայի հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը, նաեւ համանախագահներն ու Ալիեւն արտահայտվել են դրական տոնայնությամբ, խոսելով լարվածության թուլացման, մարդասիրական քայլերի շուրջ պայմանավորվածության մասին:

Այդ ֆոնին, Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույցում անվտանգության խորհուրդների համատեղ նիստին եւ որոշումների կատարման ընթացքին անդրադարձը հայկական կողմի ուղերձն է, որ կարգավորման գործընթացի, հանդիպումների ու երկխոսության դրական մթնոլորն ու խաղաղության մասին Երեւանի հռետորաբանությունն ամենեւին պատրանք չեն, եւ մյուս կողմից՝ հայկական երկու մայրաքաղաքները շարունակում են անվտանգության ամրապնդման, ըստ այդմ դրա միջոցով նաեւ հայկական օրակարգի տեսանկյունից բանակցային դրական մթնոլորտի ձեւավորմանն ուղղված աշխատանքը՝ ուղղված Բաքվին ոչ միայն քաղաքական-դիվանագիտական, այլ նաեւ ռազմական մեխանիզմներով զսպելուն:

Այդ ֆոնին, ազդեցիկ ուղերձ է հնչում Նյու Յորքից, որտեղ ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հավաքին մասնակցած Հայաստանի նախարար Դավիթ Տոնոյանը հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայկական զինուժը մեծացնելու է գրոհային կարողությունները, հնարավոր որեւէ ռազմական գործողություն արագորեն հակառակորդի տարածք տեղափոխելու համար: Նոր պատերազմ՝ նոր տարածքներ, այդ սկզբունքի մասին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարարը Նյու Յորքում:

Գործնականում, սա խոշոր հաշվով համադրվում է փետրվարի 27-ին Արաքսի հովտում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտնի հայտարարությանը, այդ թվում վերաբնակեցման մասին: Այդ հանգամանքն էլ իր հերթին համադրվում է այն մարդասիրական ասպեկտին, որի մասին հիշատակվել է Վիեննայի հանդիպումից հետո, համանախագահների հայտարարության մեջ, նաեւ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությամբ:

Ըստ այդմ, կողմերը պայմանավորվել են անել մարդասիրական նախաձեռնություններ: Թե հատկապես ինչի մասին է խոսքը, չի մանրամասնվում: Սակայն, այստեղ մարդասիրական ասպեկտի շեշտադրումը շատ կարեւոր ֆոն է Հայաստանի ռազմավարական նպատակի՝ Արաքսի հովտի բնակեցման համար: Գործնականում, սա հայկական շահերի եւ անվտանգային խնդիրների սպասարկման առանցքային հարցն է, որը միեւնույն ժամանակ հնարավորություն է տալու հայկական օրակարգը համադրել մարդասիրական ասպեկտին, երբ կհնչի այդ տարածքների նկատմամբ որեւէ ռազմական հավակնություն:

Դա էլ իր հերթին հայկական կողմին կտա նոր տարածքների ռազմավարական անհրաժեշտության քաղաքական-գաղափարական ձեւակերպման եւ փաստարկման հիմքը:

Այդ հավակնությունը ներկայիս դիրքերից, առավել եւս քառորդ դարի քաղաքականության անմխիթար ժառանգության դիրքից թվում է աներեւակայելի, հավակնոտ, խնդրահարույց: Մինչդեռ, հենց այդ ժառանգությունը վկայում է, որ հայկական պետականությունը եւ անվտանգությունը խնդիրներ ստացել է իրավունքներից ու հավակնություններից հրաժարվելու հետեւանքով: Եկել է հավակնության եւ իրավունքների ժամանակը, որովհետեւ աշխարհը գործնականում ճանաչում է դրանց հիմքով ձեւավորված իրականությունը, ինչպես օրինակ բոլորովին օրերս արեց ԱՄՆ-ն Իսրայելի պարագայում:

Առերեւույթ, այդ հավակնությունը չի ներդաշնակվում Վիեննայի դրական ֆոնին: Սակայն խնդիրն այն է, որ հենց այդ հավակնությունն ու Հայաստանի համար դիրքային ամրության ներկայիս ֆոնին դրա առնվազն ուրվագծումն է, որ ստիպում է Վիեննայում հարմարվել դրական մթնոլորտին: Այդ մթնոլորտը կամրանա այն դինամիկայով, ինչ դինամիկայով կծավալվի հայկական կողմի հավակնությունների եւ իրավունքի քաղաքականությունը: Դա էլ իհարկե իր հերթին կախված է այն հանգամանքից, թե ինչպես է զարգանալու Հայաստանի ներքին քաղաքականությունը:

Աղբյուրը՝ lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ