Այսօր քաղաքացիների հետ «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպած և «դրոշակ բռնելու» պատրաստակամություն հայտնած Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ հյուր է ունեցել Մոսկվայից։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինը «Տելեգրամի» իր պաշտոնական էջում գրել է, որ այցելել է Հայաստան և հանդիպել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Նա նաև գրել է, որ հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Զատուլինը նաև այցելել է ադրբեջանցիների կողմից հրետակոծված Ջերմուկ քաղաք։