«ՀՀ քաղաքացիներն ուզում են ապրել խաղաղ երկրում, իսկ մենք այդ ճանապարհին ենք».Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է լրագրողների հնչեցրած հարցին, որը վերաբերում է վարչապետ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթացին և իշխանական թիմից դրան միանալու հնարավորություններին։ Լրագրողի այն դիտարկմանը, թե թիմում խոսակցություններ և հանդիպումներ են եղել, պատգամավորը նշել է, որ տեղյակ չի, որ թիմի հանդիպումներ եղած լինեն՝ շեշտելով, որ կեղծ տեղեկությունները այժմ բավականին շատ են՝ անկախ նրանից, թե ինչին են վերաբերում, այդ թվում՝ պատերազմի օրերին տարբեր սուտ լուրեր են տարածում, որոնք տագնապի մեջ են դնում ժողովրդին, առանց պատկերացնելու, որ մեր զավակներն են էնտեղ զոհվում՝ հայ զինվորը։

Նա իր խոնարհումն է հայտնել բոլոր նահատակներին։ «Նրանք մեր հերոսներն են, ցանկացած հայ պետք է մտածի իր երկիրը ուժեղացնելու մասին, մնացած ամեն ինչը սրիկայություն է»,- նշել է Սուքիասյանը՝ հավելելով, որ ՀՀ հասարակությունը նույնպես գիտակցում է, որ հնարավոր չէ միշտ պատերազմել։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, զարգանանք, պետք է հզորանանք և բարեկեցություն ապահովենք, պետք է հզոր բանակ ունենանք։ Երկրներ կան, որ 100 տարի է պատերազմի մեջ չեն, սակայն ունեն շատ հզոր բանակ. մենակ նրա համար, որ նրանք ունեն հզոր բանակ, նրանց հետ արդեն հաշվի են նստում։ Շատերը մտածում են, որ հզոր բանակը և ձեռք բերած զենքը պատերազմի համար են, ո՛չ, զենքը ձեռք ես բերում, որ մնացածին զսպես»,- նշել է պատգամավորը։

Այն հարցին, թե պատերազմից հետո ՀՀ բանակը պատշաճ կերպով չեն զինել, Սուքիասյանը պատասխանել է, որ ոչ մի իշխանություն չի ուզենա թույլ լինել և ձախողվել՝ հիշեցնելով, որ երեկ վարչապետը շեշտեց, որ ինչ փաստաթուղթ բերվել է և ինչքան գումար ՊՆ-ն ցանկացել է՝ ստացել է։ «Նախկինում դրանց 5 կամ 10 տոկոս հնարավորությունը չի եղել։ Բոլոր այդ թվերի մասին տեղեկացված են, խոսքը սրա մասին է»։

Պատգամավորը նշել է, որ մենք չենք կարող միջազգային գիտակցությունից դուրս գործողությունների գնալ։

«ՌԴ-ն և միջազգային այլ հարթակներ բավականին ակտիվ գործեցին։ ՀԱՊԿ-ն առաջին անգամ լավագույն որոշումը, որը հնարավոր էր կայացնել ընդհանուր իրենց տրամաբանության մեջ, կայացրեց։ Միջազգային հարթակներից ճնշումներ եղան, որ պատերազմը դադարեցվի, այս ամենը պետք է հարգել և գնահատել»,- ասաց Սուքիասյանը։

Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ մենք հերոս տղաներ ունենք, պետք է այդ հերոս տղաների առջև խոնարհվենք, որոնք սարերում ու դժվար պայմաններում պահում են սահմանը։ Սա շատ կարևոր է՝ մենք առաջինը պետք է գնահատենք նրանց, ովքեր մեր երկիրն են պահում։

Սուքիասյանը նաև քննադատել է սահման զանգահարող և կեղծ տեղեկատվություն տվողներին։

Սուքիասյանը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի ԱԺ ամբիոնից արած հայտարարությանը՝ կապված ՀՀ-ի 29,800 քկմ տարածքի համար փաստաթուղթ ստորագրելուն՝ նշելով, որ խոսքը եղել է ՀՀ սուվերեն տարածքի մասին, հարցը տրվել է այդ համատեքստում։

Անդրադառնալով այսօր ժամը 18։00-ի հանրահավաքին՝ Սուքիասյանը շեշտել է, որ ՀՀ քաղաքացիները բավականին հասուն և գիտակից են։
«ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ուզում է, որ խաղաղություն լինի, ուզում է, որ իրենք ապրեն խաղաղ երկրում, հզոր երկիր ունենան։ Մենք այդ ճանապարհին ենք, մենք պետք է բոլոր նրանց, ովքեր մեզ ձեռք են մեկնում, հարգենք և պետք է առաջնորդվենք նրանով, որ մեր հանդեպ մարդասիրական լինեն և բարեկամական։

Սուքիասյանը, միտքը եզրափակելով, նշել է, որ քաղաքացիները կեղծ տեղեկությունները կարող են էմոցիոնալ ընդունել և խորությամբ չուսումնասիրել, սակայն հետո կամաց-կամաց կարելի է բացատրել, թե խոսքը ինչի մասին է։

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ