Դո՞գը, Թաթոյա՞նը, թե Էդգար Ղազարյանը․ ընդդիմությունը վարչապետի թեկնածու ընտրելու դժվար կացության առաջ է


Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի բուռն փնտրտուքների մեջ է։ ՀՅԴ-ական տարբեր գործիչներ՝ Արմեն Ռուստամյան, Լիլիթ Գալստյան, Իշխան Սաղաթելյան, այս ընթացքում չբացառելով որեւէ «իքս» թեկնածուի առաջադրում՝ միաժամանակ շեշտել են, թե հիշյալ թեկնածուն պետք է լինի արժանավոր, հասարակության մեջ հեղինակություն վայելող մեկը, որը պետք է ընտրվի ոչ թե կուսակցական նեղ շրջանակի կողմից, այլ, այսպես ասած, համաժողովրդական քվեարկությամբ։ Թե ինչպես է տեղի ունենալու նման քվեարկությունը՝ թող պատկերացնեն վառ երեւակայություն ունեցողները։

Ինչևէ, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր ՔՊ պատգամավորներին զգուշացրել է, որ նրանց կարճ ժամանակ է մնացել՝ իմպիչմենտի իրենց նախաձեռնած գործընթացին միանալու և գոնե 18 ստորագրություն ապահովելու համար։

Շրջանառվող տեղեկություններով՝ «հեղինակավոր թեկնածուների» ցանկում են մասնավորապես երեք հոգի՝ նախկին մարզպետ, նախկին դեսպան, Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ աշխատած շրջանում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նորահայտ «անկախության շարժման» անգերազանցելի լիդեր Էդգար Ղազարյան, ՀՀԿ-ի օրոք ՄԻՊ ընտրված Արման Թաթոյան եւ, որքան էլ տարօրինակ է՝ «Հանրային ձայն» կոչվող յութուբյան ալիքի մշտական վարող, ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին լուտանքներ տեղացող, հայտնի հայհոյախոս Վարդան Ղուկասյան՝ հայտնի «Դոգ» մականունով։ Վերջինս, ի դեպ, վարչապետի երեկ ԱԺ-ում հնչեցրած խոսքն իր լսարանին խեղաթյուրված ներկայացնելով՝ կոչ արեց դուրս գալ փողոցներ։

Նկատենք, որ Դոգի հորդորով, փաստորեն, ավելի շատ մարդ հավաքվեց փողոցներում, քան այսպես կոչված «Դիմադրության շարժման» շրջանակներում է հավաքվում։ Արձանագրենք, որ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ ունեցած կոնֆլիկտից հետո արտագաղթած, այժմ արտերկրում ապրող «Դոգ»-ն ավելի մեծ հանրային վստահություն ունի, քան նախկին երկու նախագահներն ու նրանց ուղղորդմամբ հրապարակ նետվող գործիչները։ Թե նշված թեկնածուներից ով կդիմանա կոնկուրենցիային եւ ում վրա կկանգնի ընտրությունը՝ կերեւա առաջիկայում։

Եթե իհարկե ընդդիմությունը չմտքափոխվի եւ չհրաժարվի վարչապետին անվստահություն հայտնելու անիրագործելի գաղափարից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ