«Պետքարտուղարությունը և Բայդենի վարչակազմը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և անհապաղ ու ընդմիշտ դադարեցնեն ԱՄՆ ռազմական անվտանգության աջակցությունը Ալիևի ռեժիմին»․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Աdամ Շիֆը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ես խորապես վշտացած եմ երեկվա հաղորդագրություններից այն մասին, որ Ադրբեջանը հերթական չհիմնավորված ու մահաբեր հարձակումներ է իրականացնում հայ ժողովրդի վրա՝ այս անգամ հրետակոծելով Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի տները, իսկ ավելի ուշ՝ կրակելով Հայաստանի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների ու սահմանամերձ քաղաքներ՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի վրա։ Հայկական այս քաղաքները վիճելի հողեր չեն, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ և տարածքներ են:

Սա ոչ միայն Հայաստանի հետ Ադրբեջանի զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում է, այլ ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, և ադրբեջանական բռնության ևս մեկ սարսափելի էսկալացիա, որը իրականացվում է հայ ժողովրդի նկատմամբ վերջին երկու տարիներին։

Եվ սա տեղի է ունեցել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմումից ընդամենը մի քանի օր անց, որտեղ նրանք հայտարարել են խաղաղ համաձայնության հասնելու իրենց մտադրության մասին։ Եվ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների նոր համանախագահը` դիվանագիտական այցով Բաքու է ժամանում:

Այս վերջին հարձակումների համարձակ բնույթն ու պարբերականությունը ցույց են տալիս նախագահ Ալիևի ագրեսիայի չվերահսկվող սահմանները, ինչպես նաև նրա արհամարհանքը Կովկասում կայունություն հաստատելու միջազգային հանրության ջանքերի նկատմամբ։

Եվ, թերևս, այս գործողություններից պետք չէ զարմանալ՝ հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը կրկին ու կրկին ընտրել է լռությամբ ընդունել Ալիևի ագրեսիան՝ քաջալերելով նրան շարունակել և ընդլայնել իր անհիմն հարձակումները հայ ժողովրդի վրա՝ գիտակցելով, որ միևնույն է հետևանք չի ունենա։

Այս մոտեցումը պետք է փոխվի, և այդ փոփոխության առաջնորդը պետք է Ամերիկա՛ն լինի: Պետքարտուղարությունը և Բայդենի վարչակազմը պետք է միանշանակ դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և անհապաղ ու ընդմիշտ դադարեցնեն ԱՄՆ ռազմական անվտանգության աջակցությունը Ալիևի ռեժիմին, ինչպես որ Կոնգրեսի մտադրությունն է եղել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածում։ Մենք պետք է հստակ ուղերձ հղենք, որ նման մերկապարանոց ռազմատենչության համար գին պետք է վճարվի։ Քանի դեռ մենք դա չենք արել, Ադրբեջանը կշարունակի ահաբեկել Հայաստանի և Արցախի ժողովրդին, մինչև իր ամենասարսափելի նպատակներին հասնելը։

Երեկ ուշ երեկոյան ես զրուցեցի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ, որն ընդգծեց այս վերջին բռնության ինտենսիվությունը։ Ես հայտնեցի իմ խորին ցավակցությունը զոհերի համար, որոնց թիվը դեռևս հստակեցվում է:

Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ կարվի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով լիովին արգելել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ