Պաշտոնական Կրեմլը կոչով է հանդես եկել

Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ, կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի ռեժիմը, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Իհարկե, մենք ծայրահեղ անհանգստություն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման կապակցությամբ»,- լրագրողներին ասաց նա։

Ուշակովը հիշեցրել է, որ գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգ է ստացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

«Մենք կոչ ենք անում, և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և ընդհանրապես հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ հայտարարություններին», – ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ