«Մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր համբերությունը սահման ունի».Վիգեն Խաչատրյան

Ես կարծում եմ, որ մենք խաղաղության պայմանագրի խնդիրը մի կողմ պետք է դնենք ու խոսենք խաղաղ համակեցության մասին, հիմքում դնենք միջազգային նորմեր, օրենքներ, պայմանագրեր և պահանջենք՝ այդ ամենը միջազգայնորեն ընդունված նորմերով լինի: Այս մասին այսօր Ազգային ժողովում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Մենք պետք է ասենք, որ Ադրբջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու չունենք, մենք պահանջ ունենք միջազգային նորմերով ձևավորել մի փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ համակեցությանը, և այստեղ միջազգային երեշխիքներ պետք է լինեն»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի պատասխանին, և ըստ նրա՝ այդ պատասխանից հետո պետք է հավաքվեն ու որոշումներ կայացնեն:

«Այսօր փաստը այն է, և մեր հանրությունը դա մեզ չի ներելու որպես իշխանություն և պահանջելու է դրան հասնենք, որևէ մեկը մեր գործընկերներից չի դատապարտում Ադրբեջանին, բայց Թուրքիան արդեն դատապարտել է Հայաստանին: Ժողովուրդը մեզանից է պահանջելու: Մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր համբերությունը սահման ունի»,- ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ արդեն ՀԱՊԿ-ում տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը, քննարկվում է իրավիճակը: «Հույս ունեմ, որ մենք կիրականացնենք նաև նախատեսված այլ գործընթացները»,-ասաց նա և հիշեցրեց, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները հայտնի են, ունենք բարեկամության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ