Սեպտեմբերի 16-ին մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմը։ Իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաեւ հանգուցյալի սիրուհիները։ Tert.am.life-ը զրուցել է դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ, ով մարմանավորել է գլխավոր կերպարներից մեկին:
-Դիանա, ինչպե՞ս ստացաք «Սևազգեստ կանայքը» ֆիլմում նկարահանվելու առաջարկը։ Արդյո՞ք սցենարը կարդալուց հետո այն Ձեզ անմիջապես գրավեց։
-Սցենարը կարդացի մի շնչով ու մի լավ ծիծաղեցի:Կայծը կարծում եմ՝ հենց հակասության մեջ է՝ թաղում ու կոմեդիա: Կան կյանքի իրավիճակներ, որոնք երբեք չէիր պատկերացնի, բայց պատահում են ու ամենաանհարմար պահին։ Սցենարի ու վերջնական ֆիլմի ձևը սկզբում չէի պատկերացնում, դրա համար մի քանի անհամաձայնություններ ունեի որոշ երկխոսությունների ու տեսարանների հետ կապված, բայց ռեժիսորի՝ Գոռ Կիրակոսյանի հետ քննարկելուց հետո հասկացա ու համաձայնվեցի: Այնքան ուրախ եմ, որ Գոռի հետ աշխատեցի: Միշտ բաց է քննարկումների, դիտարկումների համար: Ճիշտ է վերջում իր ուզածն է անում, բայց այդ գիծը շատ եմ սիրում նրա մեջ: Նույնիսկ ուշ ժամերին հնարավոր է զանգեմ ու երկար քննարկենք այս կամ այն կտորը, ֆիլմի պոստերը, գովազդը:
-Արդյո՞ք հոգեհանգստի և հանգուցյալի առկայությունը մի փոքր սև չէր Ձեզ համար։
-Ճիշտն ասած հակառակը: Հուղարկավորության, մահվան թեման, իհարկե, տխուր է, բայց համաձայնեք, որ զսպվածության պահանջի գիտակցումից երբեմն հակառակ էֆֆեկտն է լինում․ շատ զավեշտալի պատմություններ են տեղի ունենում անկախ քո կամքից: Այդ ամենը, իհարկե, նկարահանման հրապարակում ավելի ընդգծված էր` մանավանդ ,երբ «հանգուցյալը» շոգից կարմրում էր:
-Գիտեմ՝ Գոռ Կիրակոսյանը նախքան նկարահանումը քասթինգ է անցկացնում՝ նույնիսկ երբ հստակ պատկերացնում է դերասանին տվյալ դերի համար: Ձեր դեպքո՞ւմ էլ էր այդպես։
-Իհարկե։ Գոռն ինձ դիտարկել էր այդ դերի համար, բայց վերջնական ընտրության համար պետք է փորձեինք: Իրականում քասթինգներից սարսափում եմ: Նախորդ գիշերը չեմ կարողանում քնել ու երբեք գոհ չեմ լինում արդյունքից։ Միշտ զարմանում եմ, երբ քասթինգից հետո ինձ ընտրում են:Գոռի համար կարևոր էր իր պատկերացրած կերպարի ու դերակատարի էներգետիկաների համընկնումը և ասաց, որ բարեբախտաբար տեսել էր դա իմ մեջ:
-Գիտեմ նաեւ, որ Գոռ Կիրակոսյանն մանրակրկիտ աշխատում է դերասանների հետ կերպարի հարցում։ Ի՞նչ աշխատանք եք միասին արել կերպարի զարգացման հարցում։ Առանց չակերտները բացելու կարո՞ղ եք ներկայացնել Ձեր կերպարը։
-Ինչպես արդեն նշեցի, Գոռի հետ երկար քննարկումներ ենք ունեցել ԱՄՆ- Հայաստան ուղիղ կապով։ Շատ երկար խոսել, բնավորության գծեր ենք փնտրել: Հետո աշխատանքային երկրորդ փուլը սկսվեց արդեն սեղանի շուրջ: Եվ երրորդ փուլը` նկարահանման հրապարակում։ Այստեղ աշխատանքը ամենից ծանրն էր, և մտացածին Լիլին վերջնական ձևավորվեց: Հուզական,բայց նաև շատ կազմակերպված ու գործնական մարդ է կերպարս: Հուսամ՝ հուզական կողմը կարողացել եմ ընդգծել: Ինձ համար դա շատ կարևոր էր:
-Ի՞նչ եք կարծում այս ֆիլմը մտորելու առիթ տալու է։
Իհարկե:Մարդու, ճանապարհի, ընտրությունների, սխալի, ճշտի, սիրո, ազնվության, դավաճանության,երազանքների ու շատ այլ թեմաների մասին է: Կարծում եմ՝ ամեն մի կերպարը թվածս երևույթներից մեկնումեկի խորհրդանիշն է: Նաև ցույց է տալիս,որ կյանքը միանշանակ չէ:
-Ի՞նչն էր ամենաբարդը նկարահանումների ժամանակ:
-Շոգը և կոշիկներս, իսկ եթե լուրջ,առհասարակ, ֆիլմ նկարահելն է ամենաբարդը: Այն աշխատատատար, պատասխանատու, հոգեպես և ֆիզիկապես բարդ աշխատանք է:
-Ի դեպ, Գոռը մեկ առիթով ասել է, որ իր սիրելի դերասանուհիներից մեկն եք: Ըստ Ձեզ ո՞ր գծերն են Ձեզ այդպիսին դարձրել նրա աչքերում։
-Գոռին հարցրեք։ Բայց մի բան հաստատ գիտեմ, սերը ԿԻՆՈ երևույթի հանդեպ մի օր մեր ճանապարհները հաստատ պետք է խաչեր: