Մեկնարկել են «Փակ շուկայի» գետնանցումի նորոգման աշխատանքները. որքան գումար է հատկացվել, եւ ինչ է նախատեսվում իրականացնել

Երեւանի քաղաքապետարանը մեկնարկել է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» հատվածում գտնվող գետնանցումի վերանորգման գործընթացը:

Այս պահին այնտեղ քանդման աշխատանքներ են ընթանում: Մեր այցելության ժամանակ տարածքը փակ էր:

Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ մոտ 50 միլիոն գումար է նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Վարչության պետի խոսքով, սակայն, որքան էլ խոսեն վերանորոգումից, գետնանցումին կոկիկ եւ գեղեցիկ տեսք հաղորդելու մասին, միեւնույն է, եթե չլինի պատասխանատու մարմին, խնդրի առաջ են կանգնելու. արժեք ներկայացնող իրերը գողանալու են, կամ այն վերածվելու է զուգարանի. «Քաղաքի գետնանցումները քաղաքաշինության նորմերի մեջ են մտնում, այդ նորմերը որոշելիս ուրբան մասնագետները կարծում են, որ քաղաքը պատրաստ է նման մշակույթի, այսինքն՝ գետնանցումների, բայց տեղյակ չեն, որ Հայաստանում, Երեւանում որոշ մարդիկ քաղաքի գետնանցումներն ընկալում են որպես զուգարան»:

Խորեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ նախագիծը, որ մասնավորը ներդրում իրականացներ եւ հսկողություն սահմաներ, ի սկզբանե եղել է Երեւանի քաղաքապետարանի ներդրումային վարչությունում: Սակայն երկար ժամանակ ցանկություն հայտնող չի եղել, եւ որոշվել է այս տարվա շինարարական աշխատանքների ծրագրով վերանորոգել նաեւ այդ գետնանցումը: «Սա քաղաքապետի ուղիղ հանձնարարականն է: Ամենայն հավանականությամբ սկզբի համար վերանորոգմանը զուգահեռ կտեղադրվեն նաեւ տեսախցիկներ, որ գոնե ամաչեն ու զուգարանի չվերածեն»,- ասում է նա:

Վարչության պետը նաեւ շեշտում է՝ նախագծում կային որոշակի թերացումներ, այն 2020 թվականի էր, ինչը նշանակում էր, որ փորձաքննության ժամկետն անցած էր. «Ծավալները կարող էին քիչ հաշված լինել, քանի որ երկու տարի է անցել, քանդված, վնասված հատվածները կարող էին ավելացած լինել, նաեւ գնային փոփոխություններ են եղել աշխարհում: Այս ամենից ելնելով՝ վերանախագծում եւ վերահաշվարկ է արվել»:

Առկա նախագծով նախատեսվում է ամբողջությամբ փոխել գետնանցումի սալիկապատումը, նորացնել պատերի արտաքին տեսքը, լուսավորությունը, ամրացնել սյուները եւ մոտ 20 սմ բարձրացնել առաստաղը, որպեսզի այն ճնշող չլինի: Կազմակերպվելու է նաեւ այդ հատվածի ջրահեռացումը, ապակե հարթակ է լինելու անցման վերեւում, որպեսզի անձրեւների ու ձյան ժամանակ տարածքում ջուր չլցվի:

«Մեր հիմնական խնդիրն այն է, որ հնարավորինս քիչ ծախսով բարեկարգենք տարածքն ու եղածը վերանորոգենք: Քիչ գումար ներդնելով՝ բերենք ժամանակակից տարածքի՝ շիննորմերին համապատասխան»,- նշում է նա եւ հավելում՝ գետնանցումի երկու կողմերում աստիճանների կողքին լինելու են նաեւ թեքահարթակներ: Հնարավոր է՝ սյուների հատվածում էլ տեղադրվեն բետոնյա նստարաններ՝ «Մետրոնումի» գետնանցումի նման:

Ըստ Գրիգորյանի՝ վերանորոգումից հետո, եթե որեւէ մասնավոր անձ ցանկություն հայտնի շահագործելու գետնանցումը, ապա նրա հետ բանակցությունները կվարի վարչական շրջանի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Կենտրոն, համաձայնեցնելով քաղաքապետարանի հետ: Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի համոզմամբ՝ երբ գետնանցումում կան պատշաճ վաճառատեղիներ, սննդի կետեր կամ ցուցասրահներ, ապա այդ գետնանցման պահպանման խնդիրն ավելի հեշտ է լուծելը:

Աշխատանքների ավարտը նախանշված է մինչեւ դեկտեմբերի 25-ը, սակայն Գրիգորյանը հույս է հայտնում, որ դրանք ավելի արագ կավարտեն: «Պարզապես ունենալով նախկինում եղած վատ փորձերը՝ մեր քաղաքացիներին հորդորում ենք չխոչընդոտել շինարարների աշխատանքը: Շինհրապարակը փակվում է նրա համար, որ այդտեղով չանցնեն»,- շեշտում է նա:


Քաղաքային իշխանության ներկայացուցչի հավաստմամբ՝ զուգահեռ պատրաստվում է «Ձկան խանութի» հատվածում գտնվող գետնանցումի վերաբերյալ տեխառաջադրանքը:

«Մենք պետք է այնպիսի տեխառաջադրանք տանք, որ նախագծողը հասկանա՝ գործ ունի լրջագույն ճարտարապետական եւ կարեւորագույն ճանապարհային հատվածի հետ, պետք է բոլոր լուծումները համապատասխանաբար տրվեն: Հետագայում արդեն պարզ կդառնա՝ մասնավո՞րը կվերցնի, թե՞ քաղաքապետարանն այլ բան կձեռնարկի»,- ասում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ