Դեռևս երեկ մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան սպայի՝ Ջալալ Հարությունյանին, վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։ Ընդ որում Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2 առանձին դեպքերով, վերջինս 44-օրյա պատերազմի ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։
Ուշագրավ է Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներից մեկը, որն իրենց ներկայացնում է Լելե Թեփեի անհաջող ու անփույթ օպերացիայի իրականացումը։ Ըստ մի շարք պնդումների՝ այս օպերացիան արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմի ամենից շատ զոհեր տված ռազմագործողությունն է։ Ռազմական փորձագետների կարծիքով՝ Լելե-Թեփեի օպերացիայի տապալումը կործանարար է դարձել Արցախի Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը։
Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի առաջադրած մեղադրանքի, N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:
Ջ.Հ-ն, հանդիսանալով միանձնյա ղեկավար, խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, պարտավոր լինելով ապահովել հակահարվածի համար մարտական կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ նախապայմանները, 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։
Մարտական խնդրի կատարումը միաժամանակ մեկնարկելու փոխարեն ներգրավված զորամասերը գործել են չհամաձայնեցված՝ N զորամասը ժամը 07:00-ին Ջ.Հ-ի հրամանով Ղաջար կոչվող բնակավայրից մեկ հրաձգային գումարտակի մի մասի հետ անցել է խնդրի կատարմանն այն դեպքում, երբ մյուս զորամասի շարասյան գլխամասը դեռևս հասած է եղել Հադրութ քաղաք, իսկ ժամը 08:00-ի սահմաններում N զորամասի շարասյան գլխամասը ուժերի շուրջ 50 տոկոսով նոր միայն հասել է խնդրի կատարման մեկնարկային բնագիծ, որի պայմաններում N զորամասը հրաձգային գումարտակի մի մասի հետ հասել է գրեթե խնդրի կատարման բնագիծ և մարտի բռնվել հակառակորդի հետ՝ չունենալով աջակցություն աջ կողմից ու թիկունքից և կրել տանկերի, ՀՄՄ-ների և կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, տևական մարտերից հետո հայտնվել է հարձակման անցած հակառակորդի կողմից շրջափակման ենթարկվելու վտանգի առջև և հարկադրված նահանջ է կատարել, իսկ մյուս զորամասը առաջ շարժվելով և մինչ Պիրախմեդլի-Դորտչինար կոչվող շրջան հասնելը հակառակորդի խմբավորման հանդիպելուց և ոչնչացնելուց հետո առաջխաղացում չի ունեցել՝ տանկային գումարտակի տեղ չհասնելու պատճառով, մինչդեռ երկու զորամասերը խնդրի կատարումը պետք է մեկնարկեին զուգահեռ և միաժամանակ։
Ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, մասնավորապես՝ երկու զորամասերի՝ միմյանցից անջատ գործելու, մարտական կարգադրություններով նախանշված ժամկետները խախտելու և ուշացումով ելման շրջան հասնելու, այնուհետև՝ ուշացումով և ոչ ամբողջական կազմով մարտական խնդրի կատարումը մեկնարկելու, միմյանց հետ չփոխգործակցելու, զորամասերից մեկի՝ նախատեսվածի փոխարեն շուրջ 50 տոկոս ուժերի կազմով մարտական գործողությունը մեկնարկելու պայմաններում նախատեսված օպերացիան ակնհայտորեն ձախողելու հանգամանքը, մարտական օպերացիան չեղարկելու կամ ուշացումով մեկնարկելու և այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով անձնակազմն ու տեխնիկան շարք վերադարձնելու փոխարեն շարունակել է մարտական օպերացիայի իրականացումը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:
Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը։
Ի դեպ, դեռևս 2021 թվականի ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից Լելե Թեփեի գործողության մասին խոսել էր նաև վարչապետ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում ասել էր, որ պատերազմի ընթացքում Լելե Թեփե բարձունքի գրավման վերաբերյալ որոշում չի կայացրել։
«Ասում են՝ ես որոշում եմ կայացրել, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք եւ 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն է։ Այդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորությունն իրականացրել եւ որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում, այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին որոշում իրականացնելու հնարավորություն ունեցել են։»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։