«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ համառ լուրեր էին շրջանառվում, թե ՊԵԿ-ը օրենսդրական նախագիծ է ներկայացրել ֆիզիկական անձանց, այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու մասին, եւ որ արդյունքում պահումներ կարվեն Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներից:
Այս թեման ՀՀԿ-ականների թեթեւ ձեռքով դարձավ հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների առաջնային թեման: Նախկին իշխանության ներկայացուցիչներն անմիջապես փորձեցին սա ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդի դեմ ուղղված դավադրություն:
Իհարկե, շատ կարճ ժամանակ անց պարզվեց՝ ՊԵԿ-ը որեւէ նման նախագիծ չի ներկայացրել: Ընդամենը խոսվում է ՀՀ քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման, այդպես ստվերային եկամուտները բացահայտելու հեռանկարների մասին, եւ որ այդ ամենը չի առնչվում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների փոխանցած գումարներին:
«Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական եւ բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որեւէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»,- երեկ հաղորդագրություն տարածեց ՊԵԿ-ը:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, թե եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրության կողմից սխալ է ընկալվել:
Երեկվա աժիոտաժն ուշագրավ է մեկ այլ առումով. տպավորություն էր, որ սա ԱԺ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված սադրանք էր կառավարության դեմ դժգոհություն հարուցելու համար: Ու եթե այս թեման շահարկելու հարցում ՀՀԿ-ականների շահագրգռվածությունը պարզ էր, ապա անհասկանալի է՝ իշխանության ներսից ովքեր են այս թեման հրապարակ նետել»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել օրաթերթի այսօրվա համարում