Մերօրյա Դոն Կիխոտը. գլխավոր դատախազը, ՔՊ-ն ու խորհրդարանական ընդդիմությունը 10 օր ունեն՝ Էդգար Ղազարյանի հանձնարարականները կատարելու համար

Երեկ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը, հանրահավաք հրավիրած Վայոց ձորի մարզի ՀՀԿ-ական նախկին մարզպետ, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վստահ էր, որ Փաշինյանը մինչև ժամը 21:00-ն հրաժարական կտա։ Անգամ «վարչապետացուի» կոստյումով գնացել էր հրապարակ՝ պատրաստ իր ուսերին վերցնելու այդ ծանր բեռը, «եթե ուրիշ մարդ չլինի»։

Սակայն երեկ երեկոյան վարչապետն այդպես էլ հրաժարական չտվեց և հուսախաբ արեց նորաթուխ վարչապետացուին։ Չէ՞ որ, ինչպես Ղազարյանն էր պնդում, Աստված բարեգութ էր գտնվել Նիկոլ Փաշինյանի հանդեպ, և իր մոտ էր ուղարկել դեսպանի։ Սակայն ժամը 21-ին նշանակված իշխանափոխությունը կամ հրաժարականը այդպես էլ չկայացավ։

Էդգար Ղազարյանը ստիպված էր հանձնարարականներ տալ այլ կառույցների։ Ընդդիմության առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատարը պահանջեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից մինչև օգոստոսի 31-ը ձերբակալել Փաշինյանին։

Եթե Արթուր Դավթյանը ևս չարդարացնի Էդգար Ղազարյանի հույսերը, կա պլան Գ։ Ղազարյանն ակնկալում է, որ Ազգային ժողովը կհասնի Փաշինյանի իմպիչմենտին։

«Ես ակնկալում եմ օպերատիվ և արագ որոշում ընդդիմության և իշխանության բոլոր պատգամավորներից»,- հայտարարեց Ղազարյանը։ Այսինքն՝ Ղազարյանի հույսը նաև կառավարող ուժի՝ ՔՊ պատգամավորներն են։ Ղազարյանը հույս ունի իշխանական պատգամավորների միջոցով իշխանափոխության հասնել։

«Հայտարարված է հանրահավաք սեպտեմբերի 2-ին, ինչպես միշտ, ես կմասնակցեմ այդ հանրահավաքին, բայց այդ հանրահավաքին պետք է մասնակցի ՀՀ նորընտիր վարչապետը։ Օգոստոսի 31-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Այդ հանդիպմանն այլևս չպետք է մասնակցի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրած վարչապետը»,- ամփոփելով տեղի ունեցած հանրահավաքը՝ կոչով հանդես եկավ Էդգար Ղազարյանը։
Ըստ էության, Ղազարյանը ընդդիմությանը ևս վերջնաժամկետ ներկայացրեց։ Ընդդիմությունը 10 օր ժամանակ ունի նոր վարչապետ ընտրելու համար։ Բայց եթե նույնիսկ ընդդիմությանը հաջողվի հասնել Փաշինյանի հրաժարականին, անգամ այդ դեպքում մինչև սեպտեմբերի 2-ը անհնար է ունենալ նոր ընտրված վարչապետ։

Առանց այդ էլ վարչապետի բազմաթիվ թեկնածուներ ունեցող «Հայաստան» դաշինքն իր հերթին պատասխանեց Էդգար Ղազարյանին՝ դաշինքի ֆեյսբուքյան էջով հայտարարություն տարածելով, որ վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու են այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։ Ասել է թե՝ ի տարբերություն Ղազարյանի, «Հայաստան» դաշինքում չեն կարծում, որ մոտ 2,5 հազար հոգանոց հանրահավաքով, ներառյալ ոստիկանները, հնարավոր է հասնել վարչապետի իմպիչմենտի։

Ստացվում է, որ խորհրդարանական ընդդիմությունը ևս հրաժարվում է կատարել Ղազարյանի հանձնարարականը, և վերջինիս հույսը մնում են խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու ՀՀ գլխավոր դատախազը։

Ինչևէ, առաջ չընկնենք իրադարձությունների զարգացումից։ Գնդակը գլխավոր դատախազի դաշտում է։ Վերջինս պետք է կամ կատարի ընդդիմության լիդերությունը ստանձնած Էդգար Ղազարյանի պահանջ-հանձնարարականը, կամ էստաֆետը փոխանցի ՔՊ-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ