«Քաղաքական կշռի ու լրջության առումով ի՞նչ տարբերություն Արզաքանցյանի, Էդգար Ղազարյանի և Իշխան Սաղաթելյանի միջև, 3-ն էլ անլուրջ են ու անգործունակ».«Հանրապետություն»-ն ու ԼՀԿ-ն արձագանքում են

«Հայաստան» խմբակցության այլևս շարքային պատգամավոր, «ընդդիմության առաջնորդի» «լիցենզիայից» զրկվելու շեմին գտնվող Իշխան Սաղաթելյանը նախօրեին հարցազրույց է տվել յուրային լրատվամիջոցներից երեքին և մի շարք հայտարարություններ արել «Դիմադրություն» շարժման մարման, նույնն է թե՝ հանգչելու մասին, խոսել է շարժման սխալներից ու բացթողումներից և խոսքի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել է, թե չեն պատրաստվում գործակցել իշխանության հետ և օգնել «երկիրը ավելի արագ հանձնելու» գործում։ «Արամ Զավենի Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը նորմալ օգնում են, թող օգնեն»,- Ռ. Քոչարյանի ժեստիկուլյացիան կրկնօրինակելով՝ հայտարարել է ՀՅԴ-ական գործիչը՝ այսպիսով, փաստորեն, քաղաքական ադեկվատությունը, զսպվածությունն ու հաշվենկատ գործունեությունը մեկնաբանելով որպես «երկրի հանձնման» գործընթացին օգնություն։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սաղաթելյանի վերոհիշյալ մեկնաբանությանը, նշեց. «Նաիրի Հունանյանի գաղափարակից ընկերը ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական և ոչ էլ որևէ այլ առումով իրավունք չունի տալու Արամ Սարգսյանի անունը։ Սաղաթելյանն այն կուսակցության անդամն է, որը մայրաքաղաքում միտինգներ էր անում և իշխանության հրաժարականն էր պահանջում, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Արցախ մեկնող մահապարտների գումարտակ ստեղծելու մարտակոչով էր հանդես գալիս 1992 թվականի օգոստոսի 15-ին։ Հետո այդ նույն կուսակցության նույն անդամները 1994 թվականին «Դրոյի» և «31»-ի գործով հաղթած պետության առաջնորդներին ուզում էին գնդակահարել։ Այդ նույն կուսակցության անդամները հետագայում մտան խորհրդարանի շենք և «Հոկտեմբերի 27»-ի սպանդ կազմակերպեցին։ Իշխան Սաղաթելյանն ու նրա կուսակցությունն այսքանից հետո իրավունք չունեն խոսելու Հայաստանի շահերի և երկիրը հանձնել-չհանձնելու մասին»։

Պրն Եղիազարյանը մեզ հետ կիսվեց իր ենթադրությամբ, թե ինչու է Ի. Սաղաթելյանը հենց այս օրերին հարցազրույց տվել. «Այդ հարցազրույցով Իշխան Սաղաթելյանը ցույց է տալիս իր վախերը ընդդիմության, այսպես կոչված, առաջնորդությունը կորցնելու առումով։

Որքան էլ հանրությունը անլուրջ է վերաբերվում այսօր հանրահավաք հրավիրած, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանին, ակնհայտ է, որ նրա թիկունքում կանգնած են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Իմ տեղեկություններով՝ այո՛, նաև Քոչարյանն է Ղազարյանին և՛ աջակցում, և՛ ոգևորում։ Ի. Սաղաթելյանն ու իր կուսակցությունը վախենում են, որ կմնան «բորդյուրին»՝ ինչպես ժողովուրդն է ասում, այդ է պատճառը, որ երեկվա իր հարցազրույցում որքան էլ Էդգարին ողջունում էր, բայց ակնհայտ էր, որ հոգու խորքում ընդունում է, որ եկել է իր ու իր կուսակցության քաղաքական վերջը։ Երկրորդը. մինչև Արամ Սարգսյանի անունը հիշատակելը նա շատ մի կարևոր հայտարարություն էլ արեց՝ «իշխանությանը խանգարելու» մասին։ ՀՅԴ-ի պատմությունն ու բնավորությունն է այդպիսին, ուժ, որը ոչ մի վերաբերմունք չունի պետության և պետականության նկատմամբ։ Ես հիշում եմ 1988 թվականին ՀՅԴ Բյուրոն ԿԳԲ-ի ցուցումով հայտարարություն տարածեց, որով կոչ էր անում ոտքի չկանգնել, ցույցեր ու միտինգներ չանել, քանի որ դա դեմ էր սովետական կարգերին։ Այսպիսի հետագիծ ունեցող կուսակցության անդամը, բնականաբար, պետք է ասեր այն, ինչ ասել է»։

Մեր զրուցակցի խոսքով՝ այնպես չէ, որ իրենք, որպես արտախորհրդարանական ուժ, հիացած են իշխանության բոլոր քայլերով և իշխանության կողքին են՝ վերջինիս թերություններն ու սայթաքումները ցույց տալու և դրանք շտկել տալու համար։ «ՀՅԴ-ն խանդով է վերաբերվում մեզ և (ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան-խմբ.) Էդմոն Մարուքյանին, քանի որ մենք մեր քայլերն ու հայտարարություններն անելիս հաշվարկում ենք հնարավոր բոլոր հետևանքները, ոչ թե տուրք ենք տալիս մեր ամբիցիաներին ու իշխանության համար կենաց-մահու կռիվ տալիս։ Եվ վերջապես՝ Իշխանը չէ, որ պետք է մեկնաբանի մեր երկրի, պետականության, անկախության հետ կապված ընտանիքի անդամների գործունեությունը։ Նա մի փոքրիկ մարդ է, որին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը օգտագործում են, ընդ որում՝ հավուր պատշաճի»։

Պրն Եղիազարյանը, որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, անդրադարձավ նաև այսօր՝ Անկախության հռչակագրի ընդունման օրը, հանրահավաք հրավիրելու և «Անկախության շարժում» սկսելու Էդգար Ղազարյանի որոշմանը՝ շեշտելով. «Նրա նախաձեռնությունը ընդդիմության պարապության խոսուն ապացույցն է։ Էդգար Ղազարյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, գրեթե ամեն օր այցելում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, քաղաքական խամաճիկ է, որին իբրև թե փորձում են ներկայացնել որպես ընդդիմության «նոր դեմք», սակայն ակնհայտ է, որ այդ դեմքը, բացի այն բանից, որ հին է, նաև վերահսկվում է նախկին ռեժիմի կողմից։ Մարդը կարող է կրթված լինել, ընդհուպ՝ դոցենտ, սակայն որպես քաղաքական գործիչ՝ անլուրջ, պարզունակ ու ծիծաղելի։ Ամբողջ Ֆեյսբուքն այսօր Տիգրան Արզաքանցյանին է ծաղրում, բայց եկեք անկեղծ լինենք՝ քաղաքական կշռի ու լրջության առումով ի՞նչ տարբերություն Արզաքանցյանի, Ղազարյանի և Սաղաթելյանի միջև։ Երեքն էլ անլուրջ են ու անգործունակ»։ Այսօր հրավիրված հանրահավաքին, ըստ Եղիազարյանի, հավաքվելու է այնքան մարդ, որքան հավաքվում էր «Դիմադրություն» շարժման օրերին՝ Ֆրանսիայի հրապարակում։ «Այսինքն՝ իրենք իրենցով կհավաքվեն, կխոսեն, կլիցքաթափվեն, հանրությանը մի լավ կծիծաղեցնեն ու կվերադառնան իրենց տները»։

Նշենք, որ Էդգար Ղազարյանը ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, ապա՝ երկրորդ քարտուղար, Գերագույն խորհրդի պատգամավոր Ֆերդինանդ Ղազարյանի որդին է։ Լյովա Եղիազարյանը նշեց, որ «անկախության համար կռիվ տված սերունդը այսօր կանգնած է իշխանության կողքին, քանի որ չեն կարող կանգնել այն գործիչների կողքին, ովքեր քանդել ու ասպատակել են պետությունն և այսօր էլ միութենական պետության մեջ մտնելու օգտին են խոսում ու շինծու «անկախության շարժում» հովանավորում»։ «Ի՞նչ անկախության շարժում, անկախության շարժումը 32 տարի առաջ է տեղի ունեցել և ավարտվել է Հայաստանի անկախացմամբ»,-եզրափակեց «Հանրապետւթյուն» կուսակցության ներկայացուցիչը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը Civic.am-ի հետ զրույցում նախ շեշտեց, որ «Իշխան Սաղաթելյանը այն կալիբրի գործիչը չէ, որ գնահատական տա Էդմոն Մարուքյանին», ապա հավելեց. «Իշխան Սաղաթելյանը պետք է իմանա, որ իշխանությանը աջակցել կարելի է ոչ միայն ուղղակի, այլ նաև անուղղակի, ինչով իրենք են զբաղված արդեն մեկ և ավելի տարի։ Երկրորդ՝ Սաղաթելյանը մյուս ընդդիմադիր գործիչների քայլերի մասին խոսելիս նախ պետք է իրեն շատ կարևոր մի հարց տա, թե ինչու է հայրենիքը փրկում սեզոնային տրամադրվածությամբ, այսինքն՝ երբ սեզոնն է, դուրս են գալիս փողոց, իսկ երբ սկսվում են արձակուրդները՝ մեկնում են հանգստանալու՝ մոռանալով փրկության գործը։ Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ ՀՅԴ-ն այս ընթացքում արել են ամեն ինչ, որպեսզի վերաիմաստավորեն վարչապետի իշխանությունը, գործող իշխանության լեգիտիմությունը, ու ամեն ինչ անելու են, որպեսզի հանրությանը ցույց տան, որ ընդդիմությունը, որպես ինստիտուցիոնալ երևույթ, գոյություն չունի։ Եվ վերջապես՝ Իշխան Սաղաթելյանն այն քաղաքական գործիչն է, որը պատրաստվում է խայտառակ լինելուց հետո վերադառնալ ԱԺ և այսպիսվ է՛լ ավելի շատ վերահաստատել այն, որ 2021 թվականին իշխանությունը ընտրվել է արդար ընտրությունների արդյունքում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ