«Ո՞ր խաղաղապահին գնաս հարցնես»․ Ֆաթուլաևին հարցազրույց տված Արշակ Զաքարյանը չի փորձել ռուս խաղաղապահներից ճշտել՝ ինչո՞ւ էին ադրբեջանցի խմբագրին այլ ազգի անվան տակ Աղավնո տարել

Օրերս ադրբեջանական Haqqin.az կայքի խմբագիր-լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը տեղեկություն տարածեց, որ գտնվել է Աղավնոյում և ռեպորտաժների շարք է պատրաստվում հրապարակել։ Լուրը տարածվելուց հետո Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանը պնդել էր, թե լուրը չի համապատասխանում իրականությանը։ Օգոստոսի 18-ին, սակայն, Ֆաթուլաևը իսկապես Haqqin.az կայքով մի քանի նյութ, այդ թվում՝ «Спецназ Армении в центре Лачина. Спецслужбы, российские войска, дашнаки и азербайджанский журналист» վերտառությամբ տեսանյութ տարածեց, որտեղ վերջինս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նկարահանում էր իրականացրել Աղավնոյում և Բերձորում։ Ֆաթուլաևը զրուցել էր բնակիչների հետ, ապա նաև եղել էր Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի աշխատասենյակում, որտեղ ներկա էր նաև ռեժիսոր, «Դիրքերում» հաղորդաշարի նախկին վարող, Սոթք-Քարվաճառ ճանապարհին կառուցած իր ռեստորանը կորցրած Արշակ Զաքարյանը։ Զաքարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ չի ճանաչել Ֆաթուլաևին։ Hraparak.am-ի հետ զրույցում Զաքարյանը նշել է, որ Ֆաթուլաևը ներկայացել է որպես ռուսաստանցի լրագրող, ապա նշել, որ իրենց հետ զրույցում ադրբեջանական կայքի խմբագիրը որպես եվրոպացի լրագրող է ներկայացել։

Civic.am-ը փորձեց Արշակ Զաքարյանից պարզել, թե ի վերջո Ֆաթուլաևը որպես եվրոպացի՞, թե՞ ռուս լրագրող է ներկայացել, որպես ո՞ր լրատվամիջոցի լրագրող է ներկայացել, արդյոք Ֆաթուլաևի ռուսերենը իրենց մեջ կասկած չի՞ հարուցել, քանի որ Ֆաթուլաևը ռուսերեն խոսում է ակնհայտորեն ոչ եվրոպացու ակցենտով։

— Պարոն Զաքարյան, Ֆաթուլաևը, ի վերջո, որպես ռո՞ւս, թե՞ եվրոպացի լրագրող է ներկայացել։

— Երբ բերեցին մեզ մոտ, որպես եվրոպացի է ներկայացել։ Բերձորում՝ իր զապիսից տեսնում եմ, որ գոռում է՝ «ես ռուսաստանցի թղթակից եմ», բայց մեզ մոտ, կարծեմ, որպես բրիտանացի լրագրող ներկայացավ։

— Իսկ չհարցրի՞ք, թե ո՞ր լրատվամիջոցն է ներկայացնում։

— Հարցրինք, մենակ ես չհարցրի, գյուղացիներից էլ մտան հարցրին։ Բայց դե բեյջ սարքել կամ լրատվամիջոցների անուններ իմանալը… ընդեղ կա պոստ, որտեղ կանգնած ա Արցախի անվտանգությունը, որը պարտավոր ա բոլոր մտնող-դուրս եկողների անձնագրերը ստուգել և բացառել ընդեղ թուրքի մտնելը։ Ես պետք է մի անգամ գոնե դրա դեմքը տեսած լինեի, որ ճանաչեի։ Չեմ տեսել։ Ինչո՞ւ չեն ստուգում, ռուս խաղաղապահների հետ նաև քաղաքացիական անձինք են եղել, ինչո՞ւ չեն ստուգել։

— Ի վերջո, պարոն Զաքարյան, դուք իրենից բեյջ պահանջե՞լ եք, ձեզ ներկայացրե՞լ է, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում։

— Չէ, իրեն արդեն բերել մեզ ներկայացրել են։ Ոստիկան չենք, պատգամավոր չենք, որ հարցնենք՝ ով ես, ինչ ես, ստուգենք։ Մենակ հարցրել ենք՝ որտեղի՞ց ես դու, ասել է՝ էս էս լրատվամիջոցից եմ, ինձ հայերի մասին լավ բան հրապարակելու համար նույնիսկ պատժել են և այլն։ Մեզ մոտ էլ շատ ծանր, լարված իրավիճակ էր, ոչ մի լրագրողի էլ ուրախ չէինք դիմավորել, ասել ենք՝ լավ, ասա՝ ինչ ես ուզում, պատասխանենք՝ գնա։

— Իսկ երբ իմացաք, որ իրականում Ֆաթուլաևն է եղել, հնարավորություն ունեցե՞լ եք խաղաղապահներին հարցնելու, թե ինչո՞ւ են բերել և ներկայացրել որպես եվրոպացի կամ ռուս։

— Ո՞ր խաղաղապահին գնաս հարցնես։ Էդ գնդապետը, որ իրեն բերել էր, մի տեսակ չկամությամբ էր դրան վերաբերվում, հենց դա էլ ինձ կասկածելու առիթ տվեց, որ իրոք դա եվրոպացի է՝ դե հաշվի առնելով ռուսների և եվրոպացիների հարաբերությունները։ Ես էլ մտածում էի, թե էդ գնդապետը ականջ է կախում, որ հասկանա՝ մենք հո ռուսներից չե՞նք բողոքում։ Էդ ահավոր իրավիճակի մեջ բերում են, ոնց որ զոռով, Անդրանիկը սկզբում մերժեց, հետո էդ ռուսը ասեց՝ դե երկու հարց է, էլի, պատասխանի գնանք։ Դե որ անվտանգությունը ռուսներն են ապահովում, տենց չկամությամբ Անդրանիկն ասաց՝ լավ, ի՞նչ է հարցնում, թող հարցնի գնա։ Դա սկսեց անգլերենով խոսել, ես էլ թարգմանում էի։

— Իսկ երբ անցավ ռուսերենի, չկասկածեցի՞ք, որ առանց ակցենտի ռուսերեն է խոսում. եվրոպացիների ռուսերենը հատուկ ակցենտ ունի։

— Հենց էդ է, որ լավ էլ կոտրված ռուսերենով էր խոսում։ Ես ըդեղ մտածեցի, որ սա Եվրոպայի արաբ կլինի։ Չե՞ք հասկանում, մի հասարակ բան կա էլի՝ աներեևակայելի է, որ ըտեղ կարան թուրքին մտցնեն, էն էլ տենց թուրքի, որը որ ըտեղից դուրս գալու շանսեր չէր ունենա, եթե մարդիկ իմանային՝ ինքն ով է։ Նույնիսկ էդ «ավտոմատչիկները», «պալկովնիկն» էլ իրեն չէին փրկի։
Գիտե՞ք ինչն է ցավալի, որ մեր լրատվականները թուրքի ասածը ընդունում են որպես իրականություն ու դա են տարածում։ Բա եթե ես, Անդոն կամ Պողոսը, Պետրոսը թուրքի ագենտ լինենք, ինչպես ներկայացնում են, բա թուրքը կգա մեզ ծախելո՞ւ, թուրքը կգա կասի՝ սրանք մեր մարդի՞կ են։ Կամ տարածում են, թե Անդրանիկը «ախռանա» է դրել, որ թուրքին ուղեկցեն։ Անդրանիկը ոստիկան է դնում դրանց հետ, որպեսզի ոստիկանը հսկի՝ եթե բաներ կան, որ չի կարելի նկարել՝ չնկարեն, իսկ դա թուրքերը ֆռռացնում ներկայացնում են, թե Անդոն «ախռանա» է դրել իրենց հետ, մեր լրատվականներն էլ բռնում թուրքերի նարատիվները տարածում են։

Թե Ֆաթուլաևին ինչպե՞ս է հաջողվել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առանց ԱՀ իշխանության տեղեկության մուտք գործել Աղավնո, Civic.am-ը փորձել էր պարզել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանից, որը մեր գրավոր հարցմանը այսպես էր պատասխանել. «Այս ամենը արդյունք է Ֆաթուլաևի ստոր խաբեության: Աշխատանքներ են տարվում հետագայում նման դեպքերը բացառելու համար»:

Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել էր Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ