«Հիմնական խնդիրը «Սուրմալու»-ում տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության կանոնների տոտալ մոռացությունն է»․ Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

«Ամեն մեկը փորձում է մի կողմ շեղել քննարկումը
Սուրմալուի ողբերգական դեպքերը լուրջ քննարկման ու դասերի քաղման կարիք ունեն: Բայց, ցավոք սրտի, շատերը ամեն կերպ փոխում են քննարկման թեման:

Մեկը հայտարարում է, թե իսլամիստներն են պայթեցրել: Մյուսը՝ թե բա ռուսներն են պայթեցրել, որ գցեն «Սասնա ծռերի» վրա: Որոշ ռուսներ, իրենց հերթին, իրոք հաջողացնում են մեղքը գցեն «Սասնա ծռերի» վրա: Հետո մի քանի փողով գրողներ-խոսացողներ պատմում են, թե Խաչատուր Սուքյասյանն է պայթեցրել, որ «Սուրմայուի» բիզնեսը խլի:

Հետո գալիս են նրանք, ովքեր ասում են, թե ամբողջ խնդիրը հրավառությունների չարգելումն է: Արանքում հայտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, որ սա Աստծո պատիժն է կրոնական տոները չհարգելու համար:

Եվ այս ամբողջ աղմուկում կորում է անվտանգության կանոնների կարևորության ու դրանց անտեսման քննարկումը: Պետք չի շեղվել հիմնական խնդրից: Հիմնական խնդիրը Սուրմալուում (և ամբողջ Հայաստանում) բոլոր տեսակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության կանոնների տոտալ մոռացությունն է:

Եթե շեղվում ենք այդ խնդիրից, ապա ոչ միայն արդարացնում ենք տեղի ունեցածի իրական մեղավորներին, այլև չենք բացում անվտանգության կանոնների նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխության ու դրա շուրջ պետական քաղաքականության վերանայման խոսակցությունը:

Հետևապես պետք չի քաղաքական ու տնտեսական շահերի սպասարկման, ախմախության ու պատասխանատվությունից խուսափման նպատակով շեղել հանրությանը կարևորագույն այս դասի քաղումից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ