«Ողբերգություն է, որ այդ խմբերի համար քաղաքական նպատակները կարող են ավելի վեր դասվել այսպիսի հումանիտար ճգնաժամից».Խաժակյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունը շահարկողների մասին

Մինչ պատկան մարմինները, ինչպես նաև նրանց միացած կամավորական խմբերն իրենց ուշադրությունը, ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացրել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի օջախում՝ իրականացնելով փլատակների մաքրման, տուժածների հայտնաբերման, դուրսբերման աշխատանքներ, հասարակությանը քաջ հայտնի քաղաքական շրջանակների նույնքան հայտնի դեմքերը ֆեյսբուքում են «կամավորական խմբակներ» ձևավորել և զբաղված են դժբախտ պատահարը քաղաքական շահարկումների ենթարկելու, հասարակությանը տեղեկատվական ահաբեկման ենթարկելու գործով։ Նրանց են միացել նաև որոշ ԶԼՄ-ներ՝ տիրաժավորելով հիշյալ խմբերի ֆեյսբուքյան գրառումները, որոնցում առաջ են քաշվում պայթյունի վերաբերյալ տարատեսակ դավադրապաշտական տեսություններ։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը երեկ երեկոյից միացել է պատահարի վայրում իրականացվող կամավորական աշխատանքներին։ «Ֆեյսբուքյան վերլուծություններին մասնակցելու փոխարեն որոշեցի միանալ փլատակների մաքրման աշխատանքներին, որոնք ժամ առ ժամ ավելի կազմակերպված են դառնում: Աշխատում են նաև Երևանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները՝ իրենց ունեցած մեքենայական և մարդկային ներուժով»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես հայտնել էր Խաժակյանը՝ հավելելով. «Այս աղետին ևս պետք է դիմակայենք և հետևություններ անելով կանխարգելենք»։

Civic.am-ի հետ զրույցի պահին Խաժակյանը թեև պայթյունի վայրում չէր, սակայն նշեց. «Իրադրությունը շատ չի փոփոխվել, կրակը որոշ օջախներում դեռևս կա, ինչը բարդացնում է փլատակների աշխատանքները, և դրանք հիմնականում իրականացվում են ձեռքով, որպեսզի եթե փլատակների տակ մարդիկ լինեն, նրանց վնաս չհասցվի, ինչը կհասցվեր տեխնիկայով աշխատելու դեպքում։ Տեսա դժգոհություն մամուլում և սոցցանցերում, թե ինչու է մեկ ամբարձիչ մեքենա աշխատում, պատճառն այն է, որ հասանելիությունն է շատ դժվար, և մի կողմից դա հնարավոր է անել, և այս կողմից աշխատում է ամբարձիչը, իսկ մյուս կողմից կա շենքի շարունակության փլուզման վտանգ, և այդ կողմից որևէ աշխատանք անել հնարավոր չէ։ Շենքի փողոցի կողմը շատ ինտենսիվ մաքրվում է և երբ այդ աշխատանքն ավարտվի, կարծում եմ, երկրորդ ամբարձիչի աշխատանքի հնարավորությունը կբացվի»։

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը, անդրադառնալով «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մասին մեր հարցին, արձագանքեց. «Ես քիչ առաջ առաջ «սքան» արեցի որոշ լրատվականների՝ երեկվանից սկսած բոլոր հրապարակումները, չզարմացա՝ տեսնելով այն, ինչ տեսա, որովհետև դա իրենց բնորոշ ձեռագիր է։ Նպատակը հետևյալն է՝ ցույց տալ, որ այս արտակարգ իրավիճակում, անկախ պատճառներից, որոնց վերաբերյալ ևս իրենք փորձում են տարբեր ստեր շրջանառել, ստեղծվել է քաոս, որ պատկան մարմինները իրավիճակին չեն տիրապետում։ Բնականաբար, նման մթնոլորտ, տպավորություն ստեղծելու համար օգտագործվում են տեղեկատվական ահաբեկչության գործիքներ։ Չզարմանաք, բայց դա տեղում, իրավիճակի վրա ազդում է, և տեղում աշխատող կամավորները, այլ մարդիկ ինձ ասում են՝ գիտե՞ք, ՄԱԿ-ի գրասենյակը դեռևս մինչև պայթյունը ծանուցել է աղետի մասին, և դա ասում են որպես ականատես, այնինչ բոլորս գիտենք, որ ՄԱԿ-ի՝ իբրև թե իր աշխատակիցներին էլեկտրոնային փոստով պայթյունի մասին նախապես ծանուցելու մասին հոդվածը հայտնի լրատվականը զետեղել էր իր աղբյուրներին հղում անելով։ (Խոսքը «168 ժամ» կայքի հրապարակման մասին է, որը նույն կայքը որոշ ժամանակ անց հերքեց)։ Այստեղ կա բարեխղճության լուրջ հարցադրում՝ երբ հղում ես կատարում սեփական աղբյուրիդ, այն էլ՝ այսպիսի գերզգայուն իրավիճակներում, պետք է առնվազն 99-տոկոսանոց վստահություն ունենաս դրա հավաստիության հարցում։ Ես կարծում եմ, որ այդ հրապարակումն արվեց տարատեսակ կոնսպիրատիվ հարցադրումներին տուրք տալու համար, որը ազդեց մարդկանց պատկերացումների և տրամադրությունների վրա։ Բայց գերնպատակն այն է, որպեսզի իրենք ցույց տան՝ տեսեք, այս իշխանությունների օրոք ինչպիսի քաոտիկ իրավիճակ է, և եթե կա որևէ անելիք, որը այդ «քաոսին» ավելի մեծ թափ կհաղորդի, իրենք իրենց լրատվամիջոցներով դա անում են։ Սա անընդունելի, դատապարտելի վարքագիծ է, բայց, ցավոք, մեզ համար արդեն սովորական դարձած»։

Նկատեցինք, որ, ԶԼՄ-ներից բացի, տեղեկատվական ահաբեկչությունը սեփական դեմքով իրականացնում են նաև որոշ անհատ քաղաքական-հասարակական գործիչներ, ինչպես, օրինակ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, քաղակտիվիստ Նարեկ Սամսոնյանը, նաև շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, որոնք տուրք տալով իրենց երևակայությանը՝ տեղի պատահարը ընդհուպ համարում են իշխանություններին ձեռնտու, նրանց կողմից «պլանավորված» ողբերգություն։

«Կոռեկտ կլինի ասել՝ այդ մարդիկ ադեկվատ չեն։ Ակնհայտ է, որ իրենք փորձում են այսպիսով է՛լ ավելի սրել իրավիճակը, և որտեղից որ սնվում են իրենք կամ սնվում էին նախկինում, նույն տեղից սնվող ԶԼՄ-ները տարածում են նրանց գրառումները։ Հիմա, բարեբախտաբար, պատերազմական իրավիճակ չէ, երբ հնարավոր էր կանոնակարգել լրատվական հոսքերը, բայց այս իրավիճակում իրենք իրենցից հասանելիքը՝ բացասական իմաստով, անում են, որպեսզի իրավիճակը ուշ հանդարտվի, դժվար կանոնակարգվի։ Մարդիկ, ովքեր եղել են կամ չեն եղել պայթյունի վայրում, գրում են, որ այնտեղ քաոս է տիրում։ Իսկ ես իմ աչքերով տեսել եմ, որ այնտեղ կանոնակարգված աշխատանք է գնում, իր տեմպերով և հնարավոր հունով։ Բայց երբ մի քանի ԶԼՄ տարածում են, թե տեղում քաոս է, հանրության մոտ կարող է իսկապես այդպիսի տպավորություն ստեղծվել, որ ինչ որ բան, իրոք, այն չէ, և սկսել մեղադրել թե՛ կառավարությանը, թե՛ քաղաքային իշխանություններին, թե՛ փրկարարներին։ Պարզապես ողբերգություն է, որ այդ խմբերի համար քաղաքական նպատակները կարող են ավելի վեր դասվել այսպիսի հումանիտար ճգնաժամերից»։

Իսկ ինչպե՞ս պետք է հանրությունը դիմադրի ինֆոտեռորին և ինչպիսի՞ վարք ցուցաբերի։ «Ելք» խմբակցության ղեկավարը որպես հանրային հավաքական դիմադրության արդյունավետ եղանակ դիտարկում է մեդիագրագիտությունը, ինֆորմացիայի նույնականացումը այն հայտնող աղբյուրի հետ։ «Մեր հանրությունը մեծամասամբ դեմքով ճանաչում է այն մարդկանց, ովքեր այսքան ժամանակ իրենց դրսևորել են որպես սուտը, կեղծիքը, մանիպուլյացիան տարածող մարդիկ, որպեսզի այսպիսով ահաբեկեն հանրությանը։ Մենք չենք կարող նրանց բարեխղճության վրա հույս դնել և ասել, որ այլևս կդադարեն նման բան անել, մեր հույսը մարդկանց տեղեկատվական գրագիտությունն է, ինֆորմացիայի աղբյուրի ով լինելը հաշվի առնելով՝ դրան համարժեք վերաբերմունք ցուցաբերելը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ